Առանձնությունն անտանելի է սրտի մի համար որ կենաց բոլոր ուժովը կը բաբախե։ Քանի՜ցս զքեզ հիշեցի, ո՛վ սիրելիդ իմ, քանի՜ցս աչկունքս ծովուն վրա հառելով կը ժպտեին քու անուշ պատկերիդ․ քանի՜ցս անունդ շրթունքս հնչեցին մեղմիկ․ քանի՜ցս կարծեցի տեսնել երեք սիրեցյալ ստվերներ ձեռք ձեռքի տված՝ սահիլ իմ առջևես ինձ նայելով տխրագին․ և ես վշտաբեկ՝ հա՛յր, մա՛յր, ամուսի՛նդ իմ գոչեցի․ քանի՜ցս արդյոք ուզեցի ծովը նետվիլ, ընկղմիլ, կորսվիլ և ապրելե դադրիլ․․․։ Ո՜վ աստված իմ, ներե այս մեղապարտ անձնասպան բաղձանցս։ Ո՜վ դժբախտ դուստրն իմ, քու սերդ և իմ անհատական զգացումս առ քեզ չե՞ն բավեր ուրեմն բարեբաստիկ ընելու զիս։
Իզուր հոգին կը կրթենք, կը մարզենք, կը հպատակեցնենք մեր կամացը, հառաջ կը մղենք իբրև զինյալ մարտիկ։ Կան վայրկյաններ որ այն կը ստամբակի, կը գալարի, հանգույցներ կը խորտակե, կը չարչարվի և հուսկ ուժաթափ կիյնա ճնշման աղաղակով։
Գուցե այս վշտահար տողերս տխուր գաղափար մի ներշնչեն քեզ պարտուցս անկատար և անզոր գործադրության մասին, ո՜վ բարեկամուհիդ իմ․ սակայն հոգին այնպես կը ծանրաբեռնի երբեմն որ եթե չհորդե մերթ ընդ մերթ՝ կրնա պայթիլ ահավոր և վճռողական թմբյունով։ Թո՛ւյլ տուր սրտիս ուրեմն յուր ավելորդ բեռը քու վրադ թափել․ երբ մասամբ իվիք սփոփվփ, հոտս կը կանգնի և կը կարողանա հառաջ քայլել վերստին։
Պատասխանդ չստացած ահա կը գրեմ քեզ վերստին. հուսահատության հառաչանքս և կամ հուսո ճառագայթը հոգվույդ մեջ տխուր արձագանք կամ շող մի գտնելու է։ Վերջընթեր նամակավս անշուշտ զքեզ տխրեցուցի, իսկ արդ պիտի ջնջեմ ցավոց ամենայն հետք։ Երկու շաբաթե ի վեր հայ ընտանիք մի՝ Թորգոմատունի անվանյալ, տանս մյուս մասին մեջ կը բնակի․