Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/510

Այս էջը հաստատված է

հորդորեց զինքն հանդարտ կենալու օրն ի բուն, և խոստացավ երեկոյան վերադարձին ընծաներ բերել իրեն եթե օրիորդին ամեն կամաց հնազանդեր առանց զինքը նեղելու։

— Մի՞թե հարկ է այդ վարձատրության ինձ նվիրական եղած անձին հնազանդելու համար,— պատասխանեց սիրուն արարածը:

Արաքսիա ձեռքը դնելով մանկան ճակտին վրա անոր ջերմության աստիճանը հաստատելու մտոք, և երիտասարդն ևս այդ օրինակին հետևելով, իրենց ձեռքերը միացան սրբության այդ հատակին վրա` իբրև ուխտ հավիտենական միության: Իսկ Արմինե երգերովն ու զվարթությամբը կարծես երկու սիրահարաց սրտին տոնը կը խմբեր։

ԳԼՈԻԽ Ի.

Սիսակ որուն վայրիկ մի հանդիպեցանք Պ. Վարսամյանի հարստության կործանման առթիվ, Արաքսիայի հետ երկու եղբոր թոռունք էին մոր կողմանե, և ինչպես գիտենք արդեն Փարիզ գնացած էր փաստաբանություն ուսանելու դիտավորությամբ։ Բայց փոխանակ այդ ճյուղին նկրտելու հեշտագույն գտավ զբոսանաց հոսանքի մեջ անկանիլ, ու այդ մեծ մայրաքաղաքին հրապուրանաց զոհ լինիլ։ Թատրոններու կողմանոցներե (coulisse) կանցներ հմայիչ սրսկապանները (boudoir) ու այդ զեխության մեջ կը մսխեր ոսկին և կը կորսնցներ ժամանակը, ուսման նվիրելով այն ժամերն միայն զորս կը հաջողեր գողնալ վայելից վայրկյաններեն։

Այդպիսի շռայլ կենաց համար երկար ժամանակ չէր կրնար տևել անշուշտ չափավոր հարստություն մի. ուստի մեր հեշտասեր երիտասարդը վաղ ընդ փույթ մսխեց գրեթե բոլոր գույքը, որով փաստաբանության շրջանն ընդմիջելով վերադարձավ ի Պոլիս հետն բերելով փչացած ժառանգության մի մնացորդները, անկատար ուսմունք մի ու շատ հավակնություններ։

Նույն պահուն Սիսակ հազիվ քսան և վեց տարեկան էր, թուխ էր, ազդու և համակրական դեմք մ՚ուներ, աչերը հրավառ, գծագրությունը կանոնավոր, հասակը բարձր և վայելուչ։