Սրտովն ու մտքովն օտարացած էր հայութենեն. ազգային զգացումը բառ մ՚էր իրեն համար, հայ անունը նախատինք մի և հայ բարբառը բարբարոսական լեզու մի. վերջապես կարհամարհեր ինչ որ հայ էր։ Սքանչացմամբ կը խոսեր ընդհակառակն ամեն նյութերու վրա որ օտարազգյաց կը վերաբերեր. կը գովեր անոնց մեծագործությունքն, անոնց հատկությունքն, ինչպես և անոնց թերությունքն ու մոլությունքն: Ձայնն էր ներդաշնակ, և խոսելու եղանակը փայլուն, պերճ և ազդու։
Ամեն նյութի վրա կը ճառեր, մատենագրության վրա հախուռն դատաստան կըներ ինչպես գեղարվեստից և գիտությանց։ Պոլսո իրավագետք, բժիշկք, պաշտոնակալք, մասնագետք, ամենքն ալ ոչինչ էին իրեն համար։ Ինքն Փարիզ գնացած էր և այդ կը բավեր զամենքն արհամարհելու համար։ Նույնիսկ արևելյան գեղեցկությունը խստիվ կը քննադատեր, ինչպես կանանց ձևերը, խոսելու, զարդարվելու և վարվելու եղանակը։
Տեսակ մի թեթև և շողշողուն խելք մ՚ուներ նա, այսինքն մասնավոր ճարտարություն մ՚ամեն բառի երկդիմի նշանակություն տալու, զամեն ինչ հեգնելու, խելք բանեցնելու մտոք, ծանր թե աննշան իրերը կամ առարկաները անխտրաբար նյութ ընտրելով ու այլոց ծաղրը գրգռելով։
Կարգ մ՚անմիտ անձանց համար Սիսակ հանճար մ՚էր խելքի և ուսման մասին, զի տիեզերական կը նկատվեին յուր հմտությունք քանի որ ամեն նյութի վրա կը խոսեր գիտությամբ թե անգիտությամբ։
Զտիկնայս շլացնելու համար ևս մասնավոր տաղանդ մ՚ուներ։ Այնպիսի վստահ կերպիվ կը խոսեր Փարիզու ազնվական դասուն վերաբերող գեղեցիկ սեռին վրա, որ թվեր թե բոլոր օրերն անոնց հետ անցուցած էր, երբ փողոցաց մեջ հանդիպած էր անոնց միույն։
Իսկ տիկնայք նկատելով իրենց նկատմամբ գործած ծանր բայց քաղաքավարական ձևերը, ինչպես և մեծաբարբառ խոսքերը, իրեն հմտությունը ճաշակի և հագուստի մասին, վառվռուն ու հեգնող խոսակցությունը, տիկնայք ուրեմն գոգցես մագնիսական ազդեցությամբ երիտասարդեն կը գրավվեին։