Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/512

Այս էջը հաստատված է

Երբ Սիսակ ընկերության մի մեջ կը գտնվեր՝ կանացի իղձերն առ նա կը ձգտեին: Գեղանիք գաղտագողի ջանյուք կը ճգնեին անոր ուշը գրավել և կերպով իվիք կը հպարտանային անոր նույնիսկ չափավոր ուշադրության առարկա լինելով։

Ինչ որ նոր է և փայլուն՝ մտաց վրա անդիմադրելի հրապույր մ՚ունի։ Բայց այդ շողշողուն երևութին ներքև ծածկված սև կետերն հետզհետե երևան ելնելով՝ այդ շլացուցիչ առարկային ազդեցությունը կը տկարանա ժամանակին օգնությամբ, ինչպես և խելացի անձանց լուրջ դատողությամբն և անոնց դատապարտությամբը։

Սիսակ հետ յուր վերադարձին Փարիզեն արդարև կատարյալ հաջողություն մ՚ունեցավ ընկերությանց մեջ, թեև զգոն մասը շուտով վերահասու եղավ անոր ունեցած արժանյաց:

Արաքսիա կը ճանաչեր զՍիսակ տղա տիոցն ի վեր, ու իրենց միջև եղբայրական ընտանություն մի գոյացած էր ի վաղուց անտի։ Երբ վերադարձավ երիտասարդն Եվրոպայեն՝ աղջիկն շուտ իսկ հասկցավ ազգականին կարողությունքն՝ փառք յուր մտաց կորովին ու ստացած հաստատուն ուսման: Շատ անգամ մանավանդ իմաստալից կատակներ կըներ որոնց ներքև կծու դասեր կային յուր ազգականին նկատմամբ։ Բայց եթե Սիսակ կը նեղանար երբեմն աղջկան կատակներեն՝ այդ դատապարտող լեզուն չէր կարող սակայն իրենց փոխադարձ մտերմական հարաբերությունքն այլայլելու։

Հանդերձ բոլոր թերություններովն՝ Սիսակ սիրելի էր Արաքսիայի, նամանավանդ որ սա կը զվարճանար անոր ծաղրող և գրգռիչ խոսակցության ունկն դնելով։ Իսկ երիտասարդն պատկառանք կզգար օրիորդին համար ու նույն չափ համակրանք, թող թե անոր ազդեցությունը կը կրեր շատ պարագայից մեջ։ Երբեմն Սիսակ կըսեր Արաքսիայի.

– Եթե ամուսնանայի քեզ նման անձ մի կընտրեի։

Իսկ կույսն խնդալով կը պատասխաներ.

– Շնորհակալ եմ ըրած պատվույդ համար. բայց վստահ եղիր որ ինձ նման մտածող անձը հետդ ամուսնանալու հանձն չէր առներ երբեք։