Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/518

Այս էջը հաստատված է

հետ անտեղյակ պիտի մնար, ու անոնց սիրային ընթացքը հաստատելու անկարող։ Ուստի խորհեցավ թե հարմարագույն միջոցն էր վարժուհին տան մեջ պահել, կատարելապես անգիտանալ ձևացնել ամեն ինչ, հսկել երկուքին վրա, ու ամեն միջոց գործածել զերիտասարդն աղջկեն բաժնելու։

Բայց հապճեպիվ չգործելու համար և ուզելով կատարելապես ապահովվիլ երկու երիտասարդաց մտերմության աստիճանին վրայոք, քանի մ՚օր առավոտուն կանուխ ելավ քունը զոհելով, և մեն մի օր առավել ևս հաստատվեցավ թե երկու երիտասարդները զիրար կը սիրեին բուռն կերպիվ:

— Այս բոկոտն,— գոչեց դարձյալ տիկին սրտմտությամբ,— իմ կրած անունս կրե, երբեք, երբեք, ես եմ ապահովողը զայդ։ Մինչ քանի մ՚օր միտքը կը տանջեր չար հնարք մի ստեղծելու Արաքսիայի երջանկության շենքը տապալելու համար, ահա բախտը ճամփուն վրա դրավ Սիսակ երիտասարդը: Այդ նոր ծանոթը զոր ընկերության մի մեջ ճանաչեց, առանց վրեժխնդիր ձգտումներն այլայլելու, տիկնոջ քմահաճ սրտին բուռն սնունդ մատակարարեց։

ԳԼՈԻԽ ԻԳ.

Պ. Երանյանի դստեր զգացումներն օր ավուր սաստկանալով, բոլոր երազներն, հույսերն ու բաղձանքները Սիսակի բախտակից լինելու գաղափարին մեջ բովանդակեց։ Սիրակեզ կը տանջվեր, և զգացման սաստկությունն հինքն կը ջանար ամփոփել մինչև որ փոխադարձաբար սիրվելուն ապահովությունն ունենալով թույլ տար երիտասարդին կատարելապես իմանալու յուր սրտին գաղտնիքը։

Սիսակ քաջալերվելով Վարդանույշի քաղցր և համակրելի ձևերեն՝ մտերմության աստիճանը հետզհետե բարձրացուց. և օր մի՝ երեկույթի մ՚առթիվ, երբ յուրաքանչյուր ոք զբաղյալ էր մասնավորապես զվարճանալու, փայլելու և հաջողելու, մեր երիտասարդն ևս օգուտ քաղեց այդ առթեն բացարձակապես հայտնելու համար Վարդանույշին թե ինքն եղած է յուր սիրույն առարկան: Սիրահարյալ օրիորդն նախ թոթովեց, կարմրեցավ, շփոթեցավ, բայց հուսկ հետո թե՛ լռությամբն և