Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/520

Այս էջը հաստատված է

Պ. Երանյան դրական մարդ էր, խաբուսիկ հույսերե չէր շլանար, զայդ լավ գիտեր Վարդանույշ, ուստի հորդորեց զյուր սիրահար համբերելու մինչև որ հաջողությամբը վստահությունը ազդեր յուր հոր։

Այդ հարկը լավ կըմբռներ մեր երիտասարդը, որով աղջկան տված խորհրդույն կատարելապես հավանիլն հայտնելով՝ մտադիր եղավ սակայն կուսին զգացման աստիճանն այնպիսի սաստկության հասցնել՝ պարտավորելու չափ անոր ծնողքը զինքը փեսա ընտրելու առանց ի նկատի առնելու յուր դրամական սահմանին անձկությունը։

Եթե հմտության մասին հրաշալիք մի չէր Սիսակ, կանացի սրտերն որսալու կետին հանճար մ՚էր սակայն։ Ուստի նույն օրեն հորում Վարդանույշ հավատարմություն խոստացավ երիտասարդին՝ յուր սիրահարական զգացումն ծայրահեղ տրիփի կերպարանքն առավ։ Ոչ ուրուք իրենց գաղտնիքն հաղորդելու դաշինք ըրած էին մեր երկու երիտասարդները, միայն թե Արաքսիայի նկատմամբ բացառություն մի կար։

Խորհրդապահ վարժուհին երդմամբ խոստացավ պահել զյուր մտերմին գաղտնիքն, որևէ ստիպողական առթի մեջ անգամ լռություն պահելու պայմանավ։

Արաքսիայի խիստ անհաճո էին հոդերն որք գոյացած էին երկու երտասարդաց միջև. բայց ի՞նչ կարող էր գործել, նամանավանդ երբ քիչ ժամանակ վերջը ինքը ևս լավ ճանչցավ սիրահարության անբռնաբարելի իշխանությունը։

Հազիվ հազ քանի մի շաբաթներ անցած էին մեր վարժուհվույն բերանացի նշանտվութենեն իվեր, երբ օր մի՝ ի մեծ յուր զարմանս, հեռվեն նշմարեց Սիսակի գալուստն Աբգարյան ընտանյաց տան մեջ։ Անբացատրելի դժգոհություն մ՚ունեցավ առանց կարենալ բացորոշ կերպիվ անոր պատճառը մեկնելու։ Գուցե կը կասկածեր տիկնոջ ազդեցութենեն կամ յուր ազգականին թեթևամտութենեն. կամ թերևս նախազդմամբ վտանգ մի կընդնշմարեր ի վնաս յուր սիրելի բարեկամուհվույն։