Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/521

Այս էջը հաստատված է


ԳԼՈԻԽ ԻԴ.

Սիսակի շնորհալի կերպարանքը, քաղաքավար ծանրությունն, յուր սովորական ճարտար և արվեստավորյալ անտարբերությունը գեղեցիկ սեռին շնորհաց արժանանալու, ինչպես և անոր փայլուն խոսակցությունը զարմանալի տպավորություն մ՚ըրին տիկին Աբգարյանի վրա։ Սա միտքը դրավ որսալ զերիտասարդն, ու նույնիսկ անոր հանդիպած առաջին գիշերն երեկույթի մեջ հրավիրեց զնա այցելել յուր տունը։

Սիսակի թեթև փառասիրությունը կը գոհանար նկատելով թե մեծափարթամ անձ մի հանգույն տիկին Աբգարյանի, կը փափագեր յուր ընկերությունը վայելել։ Ուստի առաջին և երկրորդ պաշտոնական այցելություններեն վերջը տիկինն առավել մտերմական ձև մ՚առնելով խնդրեց երիտասարդեն որ հաճախ այցելե յուր տունը։ Մեր երիտասարդը խոսքով հավանեցավ այլ ոչ գործով, զի չափավոր կերպիվ շարունակեց յուր հարաբերությունները։ Տիկին Աբգարյան շուտով հասկացավ թե ճարտար հակառակորդի հետ էր յուր սրտին կռիվը, որով սկսավ ինքն ևս, իբր կարող ռազմագետ, բոլոր կանացի միջոցներն ի գործ դնել լռելյայն։ Այդ գաղտնի կռվույն մեջ երկուքն ալ կը հառաջանային հետզհետե իրենց ճարտարությունը կորսնցնելով սիրո լուծին ներքև. երկուքն ալ ընկճեցան վերջապես ծայրահեղ կերպիվ՝ ինքզինքնին կատարելապես մոռնալով։

Տիկին Աբգարյան մեկուսի թողլով բոլոր մյուս սիրահարները, իբրև անձ արբյալ տրփանաց մոլեգնութենեն, ոչինչ կը տեսներ շուրջը, ու ոչինչ կուզեր իմանալ, մեկ անշարժ գաղափարով համակված էր լիովին։

Պ. Աբգարյան կատարելապես անտեղյակ էր կնոջը ամոթալից ընթացից։ Առավոտուն խիստ կանուխ գործին կերթար, ուշ ժամանակ տուն կը վերադառնար, առանց համարձակելու ամուսնույն հարցնել յուր ժամանակին գործածությունը։ Եթե տիկին Աբգարյան հաճեր ժպտուն դիմոք ներկայանալ իրեն՝ նա երջանկագույնն էր արանց։ Եվ զայդ սիրուն կերպարանք կառնուր խորամանկ կինը մեն մի անգամ որ պետք ուներ ամուսնեն ծածկելու կենացն անվայել ընթացքը: