Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/522

Այս էջը հաստատված է

Թեև տկար էր բնությամբ Պ. Աբգարյան, սակայն յուր պատվույն խիստ նախանձախնդիր էր, ու զայդ լավ գիտեր յուր կինն, որով սա ամենայն զգուշությամբ կը գործեր ամուսնույն նկատմամբ։

Խեղճ մարդը կը նկատեր զյուր կողակից իբր կանանց պատվավորագույնն, ու անոր կը ներեր զարդուց և զվարճությանը սերը, երիտասարդությանը վերագրելով զայդ ճաշակ։

Հասակավոր ամուսիններն չափազանց բարեսրտությամբ կը ջանան մոռցնել տալ իրենց տարիքոտ լինելը, որով իրենց կանանց քմահաճ ձգտումներն կը քաջալերեն, և ի վերջո անոնց հպատակները կը դառնան։ Նույնը հանդիպած էր Պ. Աբգարյանի։ Բայց սա հոգվով չափ կը սիրեր զյուր կին, ու չափազանց հպատակությամբն իսկ գոհ կապրեր։

Սակայն ոչ այնչափ դյուրին էր խաբել բոլորովին նաև զՆերսես, թեև տիկինն ամեն զգուշություն կըներ անոր կասկածները չհարուցանելու։ Երիտասարդը գործողության գնացած ժամանակ բնավ տեղեկություն չուներ տան հաճախորդաց ու տիկնոջ վարմունքի մասին։ Սակայն լավ իմացած էր անոր սնապարծ ու թեթևսոլիկ լինելը։ Բայց քանի որ ապացույց մի չուներ հորը պատվույն արատավորած լինելուն վրա՝ անպատշաճ կը դատեր մահացնել ծնողքը անոր կասկածներն արթնցնելով կնոջ մի վրա զոր կը պաշտեր։

Արաքսիա թեև տիկին Աբգարյանի հետ նույն հարկին ներքև կը բնակեր, ոչ երբեք հետաքրքրություն ունեցած էր գիտնալու թե ո՞ւյք էին տիկնոջ մասնավոր բարեկամներն ու բարեկամուհիները. ստույգ է որ այս վերջիններն ստվար թիվ մը չէին ներկայացներ։ Պչրանույշ[1] կինը կզգուշանա ընդհանրապես կանացի պարիսպ մ՚ունենալե շուրջը. մեն մի կին՝ հաչս յուր, թշնամի մ՚է որ յուր վարմունքը կը քննադատե ու խորհուրդները կը խափանե շատ անգամ տանելու հաղթանակացն ընդդեմ արգելք կանգնելով։

Արաքսիա որ միշտ անփույթ եղած էր տիկնոջ կյանքն ուսումնասիրելու՝ սկսավ ոչ այնչափ անտարբերությամբ նկատել Սիսակի խիստ հաճախ այցելությունները։

  1. Coquette: