Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/525

Այս էջը հաստատված է

հոն գտնելու մտադրությամբ՝ հանդիպած էր տղայոց ու անոնցմե իմացած իրենց վարժուհվույն Սիսակին հետ գտնվիլը։

Ներսես՝ կարծես օձեն խայթված, փոխանակ հառաջ կամ ետ երթալու, արձանացավ կեցավ, ու ի վերջո ծառի մի ներքև նստելով՝ նախանձալից անձկությամբ Արաքսիայի գալստյան սպասեց։

Սիրահարաց համար ոչ ազգականություն կա և ոչ ալ բարեկամություն։ Ամեն ոք թշնամի մ՚է որ իրենց պաշտած անձին սիրտը գողնալու կը հառաջադրե։

Իզուր Ներսես կը մտածեր թե Արաքսիայի նման սուրբ և վսեմ հոգի մի անկարող էր զյուր ուխտ դրժելու։ Իզուր կարդարացներ հարկն զՍիսակ ընդունելու քանի որ յուր մերձակա ազգակիցն էր։ Մյուս կողմանե կը մտածեր, թե տղայքն ինչո՞ւ այնչափ հեռու էին անոնցմե։ Անշուշտ իրենց խոսակցության վկաներ չունենալու մտոք էր․ ինչո՞ւ ուրեմն առանձնանալու այդ պետքն։ Այս տարբեր մտածությանց մեջ կը տարուբերեր մեր երիտասարդն երբ նշմարեց Արաքսիայի գալուստն։

Եթե քիչ հառաջ նեղացավ աղջիկը տիկին Աբգարյանի վրա հասնելուն համար, նույն միջոցին շանթահար եղավ Ներսեսի դժգոհ կերպարանքը դիտելով։ Բայց մաքուր խղճի քաջությամբ վարժուհին մոտենալով յուր խոսնայրին հարցուց.

— Ինչո՞ւ չավետեցիր ինձ այս առավոտ թե սովորականեն հառաջ պիտի վերադառնայիր այսօր։

— Եթե զայդ գիտնայիր,— պատասխանեց Ներսես սակավ ինչ դառնությամբ,— գուցե ուրիշները հյուրընկալելու չէիր փութար։

— Ներսե՛ս,— ըսավ աղջիկը հուզվելով,— եթե ճանաչեիր խոսակցությանս նպատակը՝ գուցե զիս պաշտեիր։

Այդ խոսքերն արտասանելու պարզ ու անկեղծ եղանակն ապահովություն ազդելով երիտասարդին, ու անոր սրտին բեռը թեթևցնելով, ըսավ սիրահորդ ակնարկով.

— Եվ մի գուցե զքեզ հանչափս չե՞մ պաշտեր արդեն. առավելի՞ն կը փափագիս արդյոք։ Ինչո՞ւ չես գանգատիր ուրեմն արևուն լույսին անբավականութենեն, և անծիրին սահմանափակ