Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/527

Այս էջը հաստատված է


— Երբ այսուհետև լռելու խոստումն ընես. մի՛ մոռնար հիշել թե դու և ես մեկ հոգի կը կազմենք։

— Հարկ չկա այդ հանձնարարության,— պատասխանեց մյուսն,– զի սիրտս մեն մի վայրկյան կը հիշեցնե ինձ զայդ արդեն։

Ի վերջո երկու նշանածները խաղաղությամբ բաժանվեցան, տիկին Աբգարյանի ուշադրությունը իրենց վրա հրավիրելե վախնալով։

ԳԼՈԻԽ ԻԶ.

Օրերն օրերու կը հաջորդեին ու շաբաթներն շաբաթներուն, Արաքսիայի կենաց հորիզոնին վրա մաքուր սիրո շողն արձակելով։ Իսկ տան տիկին յուր վրիժառու հոգվույն սևությունը ծածկելով հանդարտ կերպարանքի ներքև, ամենայն անձկությամբ կսպասեր այն հարմար առթին ուսկից կուզեր օգտիլ վարժուհվույն բախտին վճռողական հարվածը տալու համար։

Մայիսի գեղեցիկ առավոտ մի մինչ վարժուհին պարտեզին մեջ կը շրջագայեր հանդերձ աշակերտներովն, տեսավ որ Ներսես դեպ իրեն կը հառաջանար։ Երկու երիտասարդաց կերպարանքն ու սիրտն այնչափ գոհ ու գվարթ էին որ կարծես անոնք ևս սիրո մայիսը կը տոնեին հանդեպ բնության որ յուր շքեղությունները կը հանդիսադրեր։

Նույն վայրկենին վարդենիի մի մերձ կեցած էին որուն վրա երկու կարմիր կոկոններ մեկ ճյուղի վրա գեղանազ կը ծածանեին, Արաքսիա անոնց նայելով ըսավ:

— Տե՛ս, Ներսե՛ս, ահա մեր սերն անձնավորյալ իրարու կցորդ այս երկու կոկոններուն մեջ։

— Արդարև,- պատասխանեց Արաքսիայի խոսնայրը,— մին դուն առ պահե ի հիշատակ այս հեշտագին վայրկյաններուն, իսկ մյուսն ես կառնում՝ հառաջադրելով զայն պահել մինչև ցվերջ կենացս իբր առհավատչյա իմ սիրույս։

Մինչ Ներսես կը փորձեր երկու կոկոնները քաղել, մեծկակ փուշ մի մատին մեջ մտնելով արյուն հոսեց անկե։

Արաքսիայի դեմքը տխրությամբ վարագուրեցավ։ Մեծ դժվարությամբ կաշխատեր փուշն հանել, մասամբ հաջողեցավ միայն, որով զգացած վարանմունքը սաստկացավ։