Ներսես նկատելով աղջկան հուզմունքը՝ ժպտելով ըսավ.
— Չգիտե՞ս արդյոք որ առանց փշո վարդ չկա։
Այդ կատակն հազիվ կարողացավ փարատել այն անհանգստությունն որ հառաջ կուգար այն գաղափարեն թե փուշին մեկ մասը մատին մեջ մնացած էր։
Իզո՜ւր Ներսես կը ջանար ապահովել զինքը թե ոչ ևս կզգար զայդ։ Վարժուհվույն դեմքը տրտում մնաց. կարծես թե բնազդմամբ կիմանար թե տառապանաց աշխարհ մի ընդ հուպ պիտի բացվեր իրեն համար։ Այդ տրամադրությամբ բաժնվեցավ յուր նշանածեն՝ տղայոց հետ դասարան մտնելու համար։ Հազիվ հազ ժամե մի վեր աշակերտուհիներովը կզբաղեր նա, երբ ահա նամակ մ՚ի կը բերեն իրեն ուղղյալ: Կբ բանա զայն, կը կարդա, և կը հաստատե հոգվո մի հուսահատական ճիչն որ առ ինքն կը դիմեր անհապաղ օգնություն խնդրելով։ Հոգվո այդ հառաչքն Վարդանույշեն կարձակվեին։
Արաքսիա՝ անհնարին ցավով համակված փութաց յուր տիրուհիեն հրաման ուզելով օրն ի բուն գուցե տունեն բացակա լինելու համար, առանց բնավ այդ բացակայության պատճառ մի վերագրելու։
Տիկին Աբգարյան թույլտվություն ըրավ այդ մասին մտածելով թե Սիսակի հետ չպիտի կարողանար տեսնվիլ եթե նույնիսկ այդ լիներ յուր նպատակը, զի երիտասարդն իրեն պիտի նվիրեր օրվան մեծագույն մասն։ Իսկ եթե նա խոստմն զանց գտնվեր՝ հայնժամ առիթ մ՚էր երիտասարդեն բացատրություն խնդրելով իրեն դեմ եղած մեքենայության տեղեկանալու։
Բայց օրիորդին մեկնելեն քիչ մի ետքը Սիսակ ներկայանալով տիկնոջ սիրտն հանգստացավ, որով բնավ հարկ չեղավ աղջկան բացակայության ակնարկություն ընելու, և ոչ իսկ խոսք մ՚արտասանելու անոր վրայոք։
Իսկ Արաքսիա սիրտ ի թունդ և շնչասպառ ընթացավ դեպի բնակարան յուր բարեկամուհվույն։ Հոն առաջին անձն որուն հանդիպեցավ տիկին Երանյանն եղավ. ողորմելի մոր վշտագին կերպարանքը շատ իսկ կը հայտարեր յուր ներքին մտահուզությունը։