չի գործեցի անոր դեմ. եթե սակայն հակամայս զինքը վիրավորեցի, պատրաստ եմ հանցանքս քավելու։
— Ես հետը կը խոսիմ, անփույթ եղիր, սիրելի՛ս։
— Կը հայցեմ, մի՛ դատապարտեր զիս եթե հակառակ կամացդ հարվեցա Սիսակի և արդ միջամտությունդ կը խնդրեմ։
— Ինչպե՞ս կուզես որ մեղադրեմ զքեզ երբ սերն անդիմադրելի զորություն մ՚է որուն դեմ մրցելով հանդերձ կը հաղթվինք մեր տկարությունն երևան հանելով։
— Ուրեմն կը ներե՞ս ինձ, Արաքսիաս, եթե ես ըմբոստ լինելով քու խորհրդոցդ՝ այսօր քեզ պաղատիմ վերադարձնելու համար ինձ այն սիրտն զոր կուզեիր հեռացնել ինձմե։
— Ոչ միայն կարդարացնեմ զքեզ, այլ հոժարամիտ եմ քեզ ծառայելու։ Ցորչափ կարելի է չարիքը մեզմե հեռացնելու, պարտինք աշխատիլ հաջողելու։ Բայց երբ անոր հպատակած ենք արդեն՝ դժվարին է հալածել զայն մեկեն ի մեկ. ամոքելով բուժելու ենք զսեր։
— Այսինքն կուզես ըսել, Արաքսիա՛, թե տրամադիր ես բուժելու զիս սրտիս հիվանդութենեն։
— Եթե կարող լինեի՝ անշուշտ առ այդ կաշխատեի։ Թեև կը ճանաչեմ Սիսակի քանի մի բարեմասնությունները, բայց անկեղծորեն խոսելու համար, նույնչափ ալ ծանոթ են ինձ և յուր թերությունները։
— Բայց ո՞վ արդյոք թերություն չունի, բարեկամուհիս։
— Անշուշտ ոչ ոք կատարյալ է. բայց սա կետն ի նկատի առնելու է որ բարեմասնությո՞ւնք թե թերությունք առավել ծանրակշիռ են անձի մի վրա։
— Մի՛ դատապարտեր զիս, Արաքսիա՛ս, բայց այնչափ պաշտելի է ինձ Սիսակ որ նույնիսկ յուր թերությունքն շնորհալի կը թվին ինձ։ Եթե ոք փորձեր այդ պակասությունները ձիրքերու վերածել՝ կընդդիմանայի վախենալով թե իրմե մաս մի կը պակսեր, որով ոչ այնչափ սիրուն կը ներկայանար նա իմ աչաց։
— Համարելով որ թեթևամտութենե շարժյալ զքեզ լքաներ ուրիշ մի սիրելու համար, ա՞յդ ևս հաճելի պիտի թվեր քեղ արդյոք, Վարդանո՜ւյշ։