Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/531

Այս էջը հաստատված է


— Ո՛հ, այդ սոսկալի պարագան բացառություն մ՚է:

— Եթե թվարկեի շատ մի մոլություններ որք զքեզ կրնան դժբախտ ընել՝ պիտի համառեի՞ր արդյոք զինքը դարձյալ համակրելի գտնելու։

— Սիրտը չի տրամաբաներ, այլ կը սիրե կուրորեն. և կարծես որչափ զինքը չարչարեն՝ նույն համեմատությամբ կը պաշտե զչարչարողն։

— Եթե չեմ սխալիր, կուզես հայտնել որ երբեք այնչափ չէիր սիրած զՍիսակ որչափ արդ երբ նա զքեզ կը տանջե։

— Ստույգ է այդ, Արաքսիա՛, զի կզգամ որ եթե Սիսակ չի վերադարձնես ինձ անհապաղ, կյանքս շուտով կը կնքեմ:

Զայս ըսելով աղջիկն, սկսավ արտասվել դառն հուսահատությամբ, ու բազկատարած՝ օգնություն խնդրել յուր բարեկամուհիեն։

Մարդս լավ կըմբռնե ինչ որ ինքը կը ճանաչե։ Անշուշտ ոչ ոք այդչափ արգահատանք կրնար զգալ սիրո մասին որչափ Արաքսիան, որուն սիրտը նույնչափ անսահման կերպիվ ի սիրո գրավված էր։

Հետևապես զՎարդանույշ բազկացը մեջ առնելով, ու յուր արտասուքը անոր արտասվաց խառնելով, այնպիսի կարեկցություն մ՚զգաց այդ ծայրահեղ ցավոց պատկերին առջև, որ ազնիվ հոգվո բուռն խանդիվ խոստացավ վշտացելույն տեսնել ընդ փույթ զՍիսակ և հետը խոսիլ։

Բայց անհամբերն Վարդանույշ ուզեց գիտնալ թե ե՞րբ արդյոք պիտի ունենար յուր պաշտելույն պատասխանը։

— Կը խոստանամ ամեն ջանք ընել զնա ընդ փույթ տեսնելու,— պատասխանեց վարժուհին։

Վշտահար կույսն յուր մտերմին երկու ձեռքերն կը համբուրեր եռանդագին, իբր ձեռքերն փրկչի մի որ յուր կորուսյալ գանձը իրեն պիտի վերադարձներ։ Եվ աչերն աղերսագին հառելով Արաքսիայի երեսին վրա.

— Ո՛հ,— գոչեց անձկությամբ,— խոստացիր ինձ զինքն այսօր իսկ տեսնելու, զի չեմ կարող այլևս սպասել։

— Եթե կարելի է, անտարակույս։ Բայց խոստացի՛ր և զի հանդարտ լինել, զի այդ արտասովոր այլայլությունս վիճակիդ սաստկությունը կրնա ավելցնել։