Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/534

Այս էջը հաստատված է

կամաց, որչափ որ պիտի ուրախանար եթե յուր անձին հաճելի եղած նպատակի համար աշխատեր իսկ. այնչափ պարագաներն և զգացումները կը ներգործեն յուր վրա անդիմադրելի կերպիվ։

Ուստի Արաքսիա թեև կը փափագեր ի սրտե ջախջախել ամենայն հարաբերություն Վարդանույշի և Սիսակի միջև, հանդերձ այսու կաշխատեր նույն միջոցին անոնց հարաբերությանց հոդերն ամրապնդել։

Տեսնելով ուրեմն զՍիսակ կանգ առավ անոր առջև ու ըսավ.

— Ես ալ կուզեի քեզ հանդիպիլ հարցնելու համար թե ե՞րբ արդյոք կրնամ հետդ խոսակցություն մ՚ունենալ։

— Տրամադրությանդ ներքև եմ,— պատասխանեց երիտասարդը, մարմինն և գլուխը ծռելով, շինծու պաշտոնական վայելչությամբ մի։

— Այդ հրապուրիչ ձևերդ այլոց պահե,— ըսավ Սիսակին այնպիսի եղանակավ մի որ կասկած չէր թողուր յուր դժգոհ տրամադրությանց վրայոք։

– Ինչո՞ւ այդպես խոժոռադեմ ես այսօր, Արաքսիա՛։

— Վասնզի գլխավոր պատճառներ ունիմ այդպես լինելու։

— Թույլ կուտա՞ս ինձ հարցնելու թե ուսկից հառաջ կուգան նեղություններդ։

— Նույնիսկ քեզմե, պարո՛ն։

— Ինձմե՞,— հարցուց Սիսակ անկեղծ զարմացմամբ։

— Այո՛, քեզմե։

— Ի՞նչ կրնամ գործել քեզ նկատմամբ ակամա հանցանքս քավելու համար։

— Առանց հապաղման, և որչափ կարելի է շուտ հայթայթել ինձ առանձին տեսություն մի։

— Նույնիսկ այս վայրկենիս ուրեմն։

— Բայց ո՞ւր։ Կը փափագիմ որ մեր տեսությունը վկա չունենա և մանավանդ գաղտնի մնա։

— Խիստ իրավացի է խնդրածդ։

— Կը խոստանա՞ս ուրեմն բնավ մեկու մը չհաղորդել մեր ժամադրությունը։

– Պատվույս վրա կերդնում։