Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/535

Այս էջը հաստատված է

— Ուրեմն վաղ առավոտ խիստ կանուխ կը տեսնվինք։

— Անհնարին է ինձ կեսօրեն առաջ հրավերդ ընդունիլ․ և դարձյալ ապահովապես չեմ կրնար խոստանալ զայդ։

— Բայց ստիպողական հարկ մի կա, Սիսա՛կ։

Երիտասարդը շփոթած քիչ մի մտածելեն վերջը՝ փութաց ըսել․

— Եթե կը հաճիս նույնիսկ այս գիշեր տեսնվինք։

— Ինչպե՞ս, ա՞յս գիշեր,— հարցուց աղջիկը վարանելով։

—Եղանակը շատ պարղ է։ Երբ ամենքը տան մեջ կը քնանան, ես կես գիշերեն երկու ժամ վերջը պատուհաններուդ ներքևեն անցնելով կերգեմ եղանակ մի որ ծանոթ է քեզ։ Դու կը պատասխանես ինձ լույս մի բերելով պատուհանիդ առջև։ Ես կանգ կառնում փողոցի դռան առջև, դու վար կիջնես դուռը կը բանաս։ Ներս կը մտնեմ ու սենեկի մի մեջ առանձնանալով ազատորեն կը խոսինք։ Եվ այսպես հետդ սիրահարի դերը խաղացած կը լինիմ հակառ քու կամացդ։

— Կատակի ժամանակ չէ արդ։ Չգիտեմ եթե առաջարկած եղանակդ վտանգի չենթարկեր զմեզ։

— Ի՞նչ վտանգ։

– Ի՞նչ գիտնամ։

— Բավ է որ լրտեսվելու երկյուղ չլինի,— ըսավ երիտասարդն, եղանակավ մի որ կր հայտներ թե նույնչափ և ինքն պատճառներ ուներ յուր կողմանե անտես մնալու։

— Սովորական օրերն,— ըսավ աղջիկը,— տունը կես գիշերեն առաջ քնո մեջ թաղված է։ Կը հիշեմ որ մեկ քանի անգամ տղայոց անհանգստության պատճառավ մինչև բակն իջա, վերստին վեր ելա, մի քանի անգամ գնացի եկա առանց մեկու մի ուշադրությունը գրավելու։

— Ուրեմն ի՞նչ կը վարանիս, ընդունե՛ առաջարկս։

— Լավ, քանի որ ուրիշ միջոց չկա։

– Մի՛ մոռնար, ժամը երկուքին։

— Հանգիստ եղիր իմ մասիս։ Դու միայն ջանադիր եղիր ժամադրությանդ հավատարիմ մնալու։

—Կրնաս ապահով լինիլ ևս այդ մասին։ Եվ եթե հանկարծ Բերա հուր բոց դառնա, նույն իսկ հրակեզ պիտի ներկայանամ քեզ։