— Խոստմանեն կարձակես, այո՛, բայց սրտին հոդերեն ի՞նչպես պիտի արձակես զինքն։
— Այդ իրեն գիտնալիքն է։
— Մեկուսի թո՛ղ ավելորդ վեճերը և լուր ինձ դու ու հնազանդե։
— Խոսե՛ տեսնենք։
— Քու ընելիքդ այդ աղջկան այցելության երթալ է, զի կրնաս հեգ արարածին մահ պատճառել խիստ միջոցներովդ։
— Պետք է որ մտածեմ։
— Սաստիկ պիտի վիրավորես զիս եթե չխոստանաս բարեկամուհվույս այցելության երթալու, զի նա ամենայն սրտահուզությամբ քեզ կսպասե, յուր լքման պատճառն իմանալու համար։
— Ինքն է պատճառն իմ հեռանալուս և մինչև որ չխոստանա անմիջապես ծնողացն հավանությունն ստանալու չեմ վերադառնար առ ինքն։
— Կը տեսնեմ որ շահերդ լավ գիտես պաշտպանել, Սիսա՛կ։
— Մեն մի մարդու պարտ է յուր վիճակն ապահովել։ Հավանական է որ Երանյանք հաջողին իրենց դուստրն հեռացնել ինձմե, և ես հետզհետե սաստկագույն սիրով համակվելով, դատապարտվիմ օր մի թշվառ լինելու։
— Սիսա՛կ, դու պարզապես կուզես սիրո վաշխառուն լինիլ, և երիտասարդուհին նեղի դնելով ծայրահեղ ու վերջնական միջոցներու դիմելու հարկադրել զինքն։ Ըրածդ անօրենություն է ու անարգ պատրվակ մի ապօրինավոր սերդ ծածկելու համար։ Եթե այդ խիստ վարմունքովդ ողորմելի օրիորդն Երանյան սպաննես, վստահ եղիր որ ես դատախազ պիտի կանգնիմ՝ զքեզ իբր մարդասպան հանդիսացնելով ի լուր աշխարհի։
Արաքսիա այնչափ սրտմտած էր որ աչերեն հուր կը ցայտեր և բերնեն փրփուր։
Սիսակ նկատելով որ պահանջողության չափն անցուցած էր՝ յուր ազգականին երեսին ժպտելով ըսավ.
— Ես չեմ հաճիր որ իմ պատճառավս այդպես բարկանաս․ հանդարտե՛, ու կը խոստանամ երթալ Երանյանց։ Միայն