— Իրոք գողեր եկած են ոչ թե մեր ինչքը այլ մեր պատիվը գողնալու։
Մինչ այս խոսակցությունը տեղի կունենար մեր երկու անձանց միջև, ահա դուռ մի կը բացվի, ու Արաքսիա դուրս կելնե հոնկե ճրագը բռնած, և Սիսակ կը հետևեր անոր։ Երկու լրտեսներուն կեցած հակառակ կողմանեն հառաջացան երկուքը միատեղ, ու անհայտ եղան բոլորովին։
Ներսեսի բոլոր արյունը քամվեցավ կարծես նույն վայրկենին․ առավելն տեսնելու կամ հարցնելու հարկ չհամարեց․ յուր սիրտը կատարելապես ջախջախված էր, զի սև մատնության խաղալիք կը կարծեր զանձն յուր։
Կը ցնծա տիկին Աբգարյանի հոգին որ օձերու բույն մ՚էր։ Խավարին մեջ չէր տեսներ զՆերսես, բայց անոր արձակած հառաչանքեն շուտ ըմբռնեց թե որպիսի սլաքով ծակած էր երիտասարդին հոգին։
Տիկին Աբգարյան չէր ներած Ներսեսի իրեն դեմ ըրած բողոքն ի պաշտպանություն վարժուհվույն՝ Ֆլորիա եղած օրերնին. բայց լռած էր միշտ առանց երբեք համարձակելու յուր սրտմտությունն հայտնել, զի երիտասարդն պատկառանք ու տեսակ մի երկյուղ ազդած էր իրեն ամեն ժամանակ։ Ահա ուրեմն մեկ հարվածով թե թաքուն դժգոհություն մի կը գոհացներ Ներսեսի մասին, և թե վրեժը կը լուծեր աղջկան մի նկատմամբ որ զյուր սիրահար կուզեր հափշտակել իրմե, և զյուր կրած անունը ստանալ։
Վրիժառությունը գազանային հեշտություն մ՚ունի չար հոգվո մի համար և զայդ հեշտություն լիաթոք կը վայելեր Ներսեսի մորուն։ Այդ վրիժառության գգացումը շանթի արագությամբ ներգործելով յուր վրա՝ առանց ժամանակ կորսնցնելու ըսավ կիսամեռ երիտասարդին.
- Ներսե՛ս, ահա աղջիկն զոր պաշտպանեցիր օր մի ի Ֆլորիա։ Դատե՛ թե որպիս՞ լրբությամբ կը հանդգնի ժամադրություն ունենալ մեր տան մեջ իսկ։ Կարելի է որ առաջինը չլինի այդ բայց սա ստույգ է որ երկրորդ ժամադրություն մի