Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/55

Այս էջը հաստատված է
Մայտա առ Տիկին Սիրա

Կը սխալիս, սիրելի՛դ իմ, զի գեղեցիկ և սուրբ կրոնքը փոխանակ տկարացնելու կը քաջալերե, կը հուսադրե ընդհակառակն։ Մենք անկարող ենք թափանցել աստվածային խորհրդոց, անոնց ուղղության հետևիլ, անոնց ծառայած նպատակին վերահասու ըլլալ։ Ո՜ գիտե թե ինչ որ թախանձանոք կը խնդրենք՝ մեզի համար աղետք չի պարունակեր, և թե այդ աստվածային մերժումը որ մեր փափագը կը փարատե, նույն իսկ մեր փրկությունը չէ։ Թո՛ղ ինձ ուրեմն կրոնք մ՚որ նեցուկս եղավ ցավերուս մեջ ինչպես և զորությունս․ զի միայն անձնական ուժիս մատնված ըլլալու գաղափարը կը բավե զիս կատարելապես վհատեցնելու։ Դրացվույս համակրությունն ինձ համար երկնային բարության նշան մի չէ՞ արդյոք, երբ ինձ նման լքյալ արարածը գորովալից սիրտ կը փնտրե ու կը գտնա․ միթե այդ գթությունն երկնային սիրույն չէ՞ ապացույց։ Կարծես թե աստված՝ ըրած կորուստներուս փոխարինություն մ՚ուզեց ընել այս ազնիվ տիկնոջ սիրտն ինձ նվիրելով․ բերանս կ՚օրհնե անընդհատ այն ընտիր հոգին որ իբրև մայր կը վարվի մեզի հետ, զի օրհնությունն ընտրելագույն բույրն է երախտագետ սրտի։

Իսկ ծաղկահասակ տիկինը, Հերիգա Թորգոմատունի, բնության հրաշակերտն է իբրև գեղեցկություն։ Յուր փափուկ և ճերմակ մորթը, հրալից սև աչքերն զորս խիտ հոնքեր իբրև կամարաձև հովանի կը զարդարեն, դիմական գծերու կատարելությունը, փառավոր հասակն և յուր մյուս հատկությունքն արժանի կը հանդիսացնեն զինքը մեծագույն նկարչին իտեականն իրականացնելու։ Իսկ յուր բնության գալով՝ ի՛նչ ըլլալն երևցավ արդեն, այսինքն խիստ գոռոզ և կատարյալ բռնակալ․ իրեն գերին ըրած Է յուր ամուսինը․ դա կնոջն ականջովը կը լսե և անոր աչքերովը կը տեսնե․ լավ և անվնաս մարդ մ՚է որ խիստ դժբախտ կ՚ըլլար եթե որևէ իշխանությամբ ճնշված չըլլար։ Հերիգան յուր աստվածն է․ սիրել զայն և հպատակիլ անոր, ահա՛ յուր կրոնքն։ Ուստի դյուրավ կրնաս

33