Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/552

Այս էջը հաստատված է

Մոտեցավ տղայոց, համբուրեց զանոնք կրկին և կրկին անգամ անսովոր գորովանոք, ու իմացուց անոնց յուր ուղևորելու դիտավորությունը։ Տղայք զայդ իմանալով հանչափս հուզվեցան և սկսան լալ դառնապես։ Բայց երիտասարդն զանոնք մխիթարելու դիտավորությամբ խոստացավ վերադառնալ շուտով։ Մինչ Ներսես կը պատրաստվեր հրաժեշտի ողջույն տալու, Աղավնին ըսավ.

— Եղբա՛յր, մեր օրիորդը հոս չէ, դու չե՞ս սպասեր անոր վերադարձին զինքն բարևելու համար։

— Ոչ, քո՛ւյրս, ժամանակ չունիմ. միայն թե յուր ձեռքը հասցնես այս նամակս,— ըսավ Ներսես, որուն պարունակությունը ծանոթ է մեզ։

Արմինեն հափշտակելով եղբորը ձեռքեն թուղթը, խնդրեց անկե որ ինքը կատարե այդ պաշտոնը, խոստանալով գործել ամենայն ճշտությամբ ու ապահովությամբ։

Մինչդեռ երիտասարդն կը վարաներ յուր հաճությունը տալու, բարեսիրտ Աղավնին երաշխավոր կանգնեցավ քրոջն համար, իբր թե բնազդմամբ զգար թե ինքն սահմանյալ էր յուր սիրելի վարժուհվույն միայն բարիք ու գոհունակություն ազդելու, և ոչ թե տխրություն ու աղետք։

Ուստի փոքրիկն Արմինեն նամակը ձեռքը պահելով, ըսավ․

— Եղբայր, վստահ եղիր կըսեմ որ զայս մեր օրիորդին անվտանգ կը հանձնեմ։

— Լավ ուրեմն,— պատասխանեց երիտասարդն։

Մինչ գողտրիկ էակը կարևորության ձև մի կուտար անձին՝ նկատելով իրեն տրված վստահության նշանը, Ներսես վերստին համբուրելով տղայքը անբացատրելի հուզմամբ, հազիվ կարողացավ հնչել այս քանի մի բառերը․ «Զիս մի մոռնաք, այլ ամեն օր հիշեցեք»։

Ընդ փույթ կը հեռանար Ներսես այն տունեն որ երբեմն երջանկության բույն եղած էր իրեն համար, և որ նույն վայրկենին վայր աղետից դարձած էր, կարծես թե անհամբերության տենդն զինքն գրաված էր, և թե կուզեր ահագին անջրպետ մի դնել ընդ մեջ իրեն և Արաքսիայի։

Գնաց Պոլիս ի գրասենյակն պ. Աբգարյանի՝ որ ըստ յուր սովորականին խիստ կանուխ դիմած էր հոն։ Այդ աշխատասեր