Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/555

Այս էջը հաստատված է

հանել եղբորը նամակն, և յուր վարժուհվույն հանձնելով զայն՝ իմացուց միանգամայն Ներսեսի Մանչեսթըր երթալը։

Երիտասարդուհին առավ թուղթը ամբողջ մարմնովը դողալով, բացավ, կարդաց, ու անկավ գետինը նվաղյալ։

Երկու տղայք սարսափահար եղած այդ տեսաբանեն՝ սկսան բարձր ճիչեր արձակել օգնություն խնդրելով։

Վազեցին աղախնայք, տիկին Աբգարյանն իսկ մանկանց հարուցած աղմուկեն արթննալով սենեկեն դուրս ցատկեց, և փութաց այդ արտասովոր այլայլության պատճառն իմանալու։

Ի տես ողորմելի վիճակին վարժուհվույն՝ վագրակերպ սիրտն այդ չար կնոջ տրոփեց բերկրությամբ, զի շուտ հասկցտվ թե կարևոր դեպք մի տեղի ունեցած էր Ներսեսի և անոր միջև։ Այդ կարծիքը շուտով հաստատություն գտավ երբ գետնեն քաղելով երիտասարդին նամակր որ նվաղյալ աղշկան ձեռքեն գլորած էր, կարդաց անոր պարունակությունն, և յուր տղոցմեն իմացավ իրենց եղբորը մոտալուտ ուղևորությունն։

Այդ կնոջ ուրախությունն չափ չուներ․ նախ կազատեր ամուսնույն որդիեն, զի կը նկատեր զայդ երիտասարդ իբր տհաճո և վտանգավոր վկա մի յուր մեղադրելի կենաց, որ լռությամբը կը դատապարտեր խստիվ յուր հանապազօրյա վարմունքր։ Հետո երկու սիրահարաց ամուսնությունը կարգիլեր որ մահու չափ ատելի էր իրեն։ Հասած էր ուրեմն վերջապես ժամն ուր պիտի վաներ զաղջիկն այն որ յուր սիրային խորհրդոց դեմ դավակցած էր։

Երբ վարժուհին ինքզինքը գտավ, յուր մոտ տեսավ երկու քույրերն որք անմեղ հոգվո ամենայն անկեղծությամբ իրենց մանկական խնամքը կը հայթայթեին իրեն, ինչպես և աղախին մի որ դժգոհ կերպարանոք կաշխատեր զինքն սթափելու, ժամ հառաջ հեռանալու տրամադրությամբ։

Աղախնայք կատեն վարժուհիներն, և անոնց չեն ներեր բացարձակ առավելությունն որ ունին իրենց վրա բարձրագույն դիրք մի գրավելով տանց մեջ։ Կը խորհեին թե վարժուհին ինչպես իրենք՝ թոշակավոր անձինք են, ու չեն ուզեր ըմբռնել մշակյալ մտաց հայթայթած առավելությունները։