Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/562

Այս էջը հաստատված է

ժամանակեն ինքն անձամբ կարողանար հաստատել։ Բնավ գիշերային ժամադրության ակնարկություն չէր ըներ նա, մտածելով թե այդ պարագային գուցե տեղյակ չլիներ երիտասարդն։ Գրեց բուռն սիրո արտահայտությամբ, ու մեծ հոգվո արժանավայել մեծանձնությամբ խնդրեց որ չբեկանե երկու անկեղծ սրտերու սուրբ և նվիրական հոդերն, և մանավանդ անհապաղ պատասխանե՝ մտատանջության տագնապներե զինքն ազատելու համար։

Հետ ավարտելու նամակն, ինքն անձամբ թղթատունը տարավ, Մանչեսթըր ղրկվելու համար։ Առավոտուն կառքով եկած էր հայրենի բնակարանն, իսկ նույն պահուն այնպես ոգևորած էր որ ամենայն քաջությամբ մինչև թղթատուն քայլեց։

ԳԼՈԻԽ ԼԵ.

Հետ քանի մի ժամերու Արաքսիայի մեկնելեն վերջը Աբգարյանց տունեն՝ ահա Սիսակ որ կը ներկայանա տիկին Աբգարյանի իբր բոլորովին անտեղյակ թե Ներսեսի և թե յուր ազգականին վերաբերյալ անցից։

Տան տիկինը դժգոհ կերպարանք մ։առած էր գրգռելու համար զերիտասարդը պատճառն հարցնելու։ Եվ իրոք սա դիտողություն ըրավ տիկնոջ յուր դժգոհ կերպարանքին վրա։

— Կը ցավիմ խոստովանելու,— պատասխանեց խորամանկ կինը,— թե ազգականդ անպատվություն մտցուց տանս մեջ, իբր թե ոչինչ գիտնար անցած գացածին վրա։

— Ո՞ր ազգականս, տիկի՛ն։

— Չգիտեմ եթե ձեր տոհմային ճյուղագրությունը մեծ է, բայց սա ստույգ է որ շատ գոհ լինելու իրավունք չունիք Արաքսիայեն։

— Ինչո՞ւ, ի՞նչ է պատճառը։

– Առանց երկար խոսք ընելու սա չափս հայտնեմ ձեզ թե այս գիշեր այդ անամոթ աղջիկը մարդ մի հյուրընկալեր է գաղտագողի։ Սպասավորաց մին տեսեր է մարդն մինչ կը մեկնի եղեր, առանց սակայն ո՜վ լինելը գիտնալ հաջողելու։ Մտածեցեք ի՜նչ անպատվություն տանս համար։

— Սովորական բաներ են ադոնք,— ըսավ երիտասարդն, հատուկ նշանակություն մի տալով բառերուն։