Բայց տիկինը իբր թե վերահասու չլիներ այդ ակնարկումթյան որ ուղղակի իրեն կը վերաբերեր, ու յուր դառնությունը ծածկելով հարեց․
— Բնականապես այդպիսի գայթակղական դեպքե մի վերջը ոչ այլ ինչ կը մնար ինձ ընել եթե ոչ վանել այդ վարժուհին իմ տունես։
— Վանե՜լ։
— Անշուշտ։
— Արաքսիան ո՞չ ևս հոս է։
– Ոչ ևս։
— Եվ դուք քաջությունն ունեցաք անմեղ մի իբր հանցավոր դատապարտելու և արտաքսելու,— գոչեց Սիսակ բարկությամբ, նամանավանդ երբ ինքն էր պատճառն այդ ցավալի եղելությանց։
— Ո՞վ կապահովե զձեզ թե անմեղ մ՚էր այդ աղջիկը։
— Ե՛ս։
— Անմեղությունը խավարին շնորհիվ չգործեր։
— Շատ անգամ, տիկին, խավարն անմեղության վրա կը տարածվի, մինչ լույսն հանցանքը կը լուսավորե։
— Պարո՛ն,— պատասխանեց կինն ի մեծ զայրույթ,— եթե ինձ կակնարկեք, ես ազատ եմ իմ բնակարանիս մեջ գործել ինչպես որ հարմար թվի ինձ․ սակայն պատճառ մի չէ որ վարձկաններ նույն ազատությունն ուզեն վայելել հոս։
— Եթե կը մտածեք թե օտարական մի ձեր տան պատիվը պահելու պարտքն ունի, ձեր վրա առավել ևս կը ծանրանա ձեր ամուսնույն պատիվը պահպանելու նվիրական պարտականությունն։
— Ինչպե՞ս կը համարձակիք, դո՛ւք, պարո՛ն, բարոյական կարդալու, երբ զիս մոլորեցնելու ամեն ջանք ըրիք,– ըսավ կինն, ինքզինքեն դուրս ելնելով։
— Խղճիս վրա ոչինչ կա, զի զձեզ մոլորեցնելու համար բնավ ճիգ չըրի։
— Ինչպե՞ս կը համարձակիք այսպես խոսելու։
— Ճշմարտությունը միշտ համարձակապես կը բարբառի, և եթե ներեք, տիկի՛ն, ձեզ առավելն ալ պիտի խոստովանիմ։
— Ոչինչ կուզեմ լսել ձեր բերնեն։