Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/570

Այս էջը հաստատված է

սև ատելության գույներ առավ, և վիրավորյալ սիրահարն յուր արհամարհանքն ուզեց հայտնել աղջկան նամակն անպատասխանի թողլով։

ԳԼՈԻԽ ԼԷ.

Մինչ Արաքսիայի երանության շենքը կը կործաներ, ընդհակառակն Վարդանույշ սիրո ազդեցությամբ կը վերածներ։

Սիսակ, ըստ յուր խոստման, գնացած էր հայցելություն օրիորդին որոշյալ օրն, ու ջանացած էր սրտագրավ ձևերովը ջնջել հետքերն այն դառն վայրկյաններուն զորս պատճառած էր յուր անտարբերությամբը։

Վարդանույշ պատկառելի սիրով սիրած էր միշտ զյուր մայր, առանց զայն հաղորդ ընելու երբեք յուր սրտին գաղտնյաց։ Բայց ստիպողական հարկի մ՚առջև, այսինքն յուր պաշտելվույն պայմանաժամին առջև մինչև մեկ ամիս ամուսնության խնդիրր լուծելու, ոչ այլ ինչ կը մնար եթե ոչ քաջությամբ զինվիլ ու բանալ լիովին սիրտն առ յուր մայր։

Սերը հրաշք կը գործե. անով տկարը քաջ կը դառնա, և երկչոտը՝ հանդուգն. և զայդ շուտ իսկ հաստատեց մեր սիրահարյալ կույսը։

Կան շատ մայրեր որք կը կարծեն արթնցնել ու զայրացնել իրենց որդվոց զգացումները սրտի բնական պահանջմանց վրա խոսելով, և մանավանդ այդ մտերմությամբ կը վախնան իրենց մայրական ազդեցությունը վտանգի մատնել։ Համառ որոշմամբ խույս կուտան սիրո վերաբերող ամեն խնդիրներե՝ հարկադրելով իրենց զավկները գաղտագողի գործելու և մայրենի աչքեն ծածկելու նվիրական զգացում մի երբ իրենց սիրտը կսկսի խոսիլ։ Այսու եղանակավ մայրն որ որդվույն խորհրդակիցը պետք է լինիլ, նմա առաջնորդ կանգնիլ, ուղղել նորա զգացումներն ու քայլերը կենաց մեջ, ընդհակառակն կատարելապես օտար կը մնա յուր որդվույն մտածությանց ու զգացմանց։

Օր մի տիկին Երանյան զարմացմամբ դիտեց թե յուր դուստրն որ միշտ ազատ ու բնական ձևով առ ինքն կերթար, ընդհակառակն կը մոտենար կարմրելով և շփոթելով առանց