գիանալու թե ինչպիսի՞ սկզբնավորություն տա յուր խոսքերուն։ Որչափ Վարդանույշի մայրն յուր զարմացումը կը հայտներ այդ անորոշ դիրքի մասին, նույնչափ կույսը բառերը կը ծամծմեր։ Բայց ի վերջո սերն հաղթելով երկչոտության՝ օրիորդն սկսավ տակավ առ տակավ յուր խոստովանությունն ընել, հայտնել յուր սրտին վիճակն, հիվանդությանը պատճառը, Սիսակի դրած պայմանները և վերջապես իմացնել որ եթե մերժեն իրենց հավանությունն յուր ամուսնության մասին Սիսակի հետ, ինքն պիտի համակերպեր այդ խիստ վճռույն, բայց երբեք ուրիշի հետ չի պիտի ամուսնանար, եթե յուր երիտասարդությունն արտասվաց պիտի նվիրեր, կը հաստատեր թե այդ էր յուր անխախտ որոշումը։
Տիկին Երանյան գայթակղյալ դիրք մ՚առավ նկատելով թե յուր աղջիկն այնպիսի համարձակությամբ սիրո անմատչելի խնդրույն վրա կը խոսեր։ Բայց նկատելով որդվույն հուզյալ վիճակն որ ամենայն անձկությամբ կարծես մահու թե կենաց վճռույն կսպասեր, ի գութ շարժեցավ, և հաղթելով յուր առաջին բուռն զգացման՝ մեղմ կերպիվ հայտնեց դստերն յուր դժգոհությունը հաստատած գաղտագողի հոդերուն նկատմամբ, դատապարտեց այդ ընտրությունն, առարկելով թե այդ տեսակ երիտասարդներն ոչ միայն անկարող էին կին մի պահելու և զայն երջանիկ ընելու, այլ թե իրենք իսկ այլոց խնամոց պետք ունեին կարենալ ապրելու համար։
Մինչև նույն պահուն կույսն ամենայն համբերությամբ մտիկ ըրավ։ Բայց երբ տիկինը ակնարկելով երիտասարդուհյաց սիրային ցնորաց և անոնցմե հետևած թշվառությանց սոսկալի պատկեր մի ներկայեց աչացն Վարդանույշի, հորդորելով զնա հրաժեշտ տալու յուր սիրային խորհրդոց գործադրութենեն, հայնժամ աղջիկն այնպիսի հուսահատ պերճախոսությամբ և զարմանալի կորովով իմն ու վճռողական կերպիվ հայտարարեց թե զինքն Սիսակե հեռացնել փորձելն կը ծառայե միայն յուր կյանքը փշրելու՝ որ սարսափած մայրն ոչ ևս հակառակեցավ այլ խոստացավ ամուսնույն ծանոթացնել իրաց վիճակը։