Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/573

Այս էջը հաստատված է

Վարդանույշ ակամա պատճառն եղած էր աղետիցն Արաքսիայի, և սակայն սա սքանչելի մեծանձնությամբ ոչ միայն երբեք կասկած չէր տված յուր բարեկամուհվույն այդ մասին, այլ կուզեր տակավին անոր պաշտպան կանգնիլ Սիսակի գործած անհավատարմությանը դեմ բողոքելով անդուլ։

ԳԼՈԻԽ ԼԹ.

Սիսակ եկած էր զԱրաքսիան տեսնելու հետ յուր խոստացյալ այցելության։ Ցավակցություն հայտնեց յուր ազգականին անակնկալ արձակմանն համար, առանց որևէ ուղղակի կամ անուղղակի բաժին մ՚ունենալուն ակնարկություն ընելու տիկնոջ այդ որոշման մեջ։ Ընդհակառակն զանձն յուր անտեղյակ ձևացուց տիկին Աբգարյանի գրած նամակին ինչպես և յուր արտաքսման պարագայից, իբր թե համոզված լիներ թե տիկինն ոչ ևս պետք ուներ հայ վարժուհվո, և թե եվրոպացի կնոջ մի մտադիր էր հանձնել որդվոցը դաստիարակության պաշտոնը։

Սիսակ անձնասեր էր կատարելապես, թեև չար սիրտ չուներ։ Եթե կարենար որևէ ծառայություն մատուցանել խոսքով կամ աննշան աշխատությամբ՝ զայդ կը կատարեր։ Բայց եթե հարկ լիներ գործել սակավ ինչ հոգնությամբ՝ չեզոք և կամ կատարյալ անտարբեր դիրք մի կառնուր։

Ինքն պաշտպանած էր զԱրաքսիա՝ ընդդեմ տիկին Աբգարյանի, և զայդ բավական հատուցում կը համարեր հանգետս հասուցած չարյաց համար ազգականին։

Սիսակ զյուր անձ մինչև մեկ աստիճան պատճառ ճանաչելով վարժուհվույն արձակման խնդրույն մեջ, կերպով մի պարտուց ներքև կը մնար անոր նկատմամբ, և կը հարկադրվեր չափով մի փոխարինություն մ՚ընել նոր ապրուստի միջոց փնտրելու աշխատելով։ Այդպիսի նեղություններ ստանձնելու համար ծնած չէր մեր երիտասարդը։

Իսկ Ներսեսի սիրային հարաբերությանց վրայոք ոչինչ գիտեր Սիսակ, զի բնականապես տիկին Աբգարյանի շահուցն ընդդեմ էր այդ խոստովանությունը։ Նկատելով Արաքսիայի ցաված կերպարանքը՝ զայդ տխրություն աղջկան նա վերագրեց