Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/575

Այս էջը հաստատված է


ԳԼՈՒԽ Խ.

Երբ տիկին Աբգարյան յուր սիրահարին հրաժեշտի նամակն ընդունեցավ, մռնչեց վայրենաբար. և շուտ վերահասու լինելով թե ուսկի՞ց կուգար իրեն այդ հարվածն, անձին խոստացավ Արաքսիայի ջանքերն ապարդյուն թողլու Սիսակի և Վարդանույշի ամուսնությունն արգիլելով անպատճառ։

Չար մտքերն և անխիղճ սրտերը շատ նախանձախնդրություն չեն հայտներ իրենց վրիժառու խորհրդոց կատարման մասին. բավական է որ հաջողին իրենց նպատակին հասնելու, ամեն միջոց լավ է և պատվավոր։

Տիկին Աբգարյան ոչ զոք սիրած էր այն հարատև եռանդյամբ որով համակված էր Սիսակին համար։ Կը պաշտեր զերիտասարդն, և զայն չկորսնցնելու համար պատրաստ էր ամեն ինչ ի գործ դնել։ Երեք շաբաթներ անցած էին և Սիսակեն տակավին լուր չէր ընդունած, և ոչ իսկ գիտեր անոր ուր գտնվիլը։ Հասկցավ թե երիտասարդն իրմե կը հեռանար։ Մտածեց ուրեմն թե առանց հապաղման պարտական էր գործել եթե կուզեր անձին պահել զյուր սիրահար։

Տարիներե ի վեր տիկին Աբգարյան տրամադրությանը ներքև ուներ կին մի՝ որ թեև տանը մեջ չէր բնակեր այլ գրեթե միշտ հոն կը գտնվեր, ու տիկնոջ թե՛ առտնին և թե՛ արտաքին հանձնարարությունները կը կատարեր։

Այդ կինը ժամանակավ Վարդանույշի դայակն եղած էր նախ, և հետո զայն տարիներով խնամած էր, որով միշտ գորովանոք կը խոսեր յուր մեծցուցած սիրելի մանկան վրա որ գեղեցիկ երիտասարդուհի մ՚եղած էր։ Փափագանոք և անհուն երջանկությամբ կերթար միշտ այցելության Երամյան ընտանյաց՝ ուր թվեր իրեն տեսնել հանձին Վարդանույշի մանուկն զոր խնամած էր երբեմն։ Այդ Իսկուհի անվանյալ կինն անկեղծաբար կը բաղձար յուր խնամած էակին բախտավոր լինելը, և աղոթիցը մեջ չէր մոռնար երբեք զինքն հիշել։

Տիկին Աբգարյանի խիստ ծանոթ էր ի լրո Երանյան ընտանիքը քանի որ Իսկուհիին խոսակցության մշտատև նյութն էր այն. ուստի այդ տիկինը զԻսկուհին որոշեց իբր գործիք յուր մեքենայությանց։