Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/576

Այս էջը հաստատված է

Օր մի տիկին Աբգարյան խորհրդավոր ձև մ՚առնելով իմացուց այդ կնոջ թե յուր Վարդանույշը մեծ վտանգի ենթարկված էր չարաչար սիրելով երիտասարդ մի որ կը խաբեր զինքն, և որ ուրիշ աղջիկ մի սիրելովն հանդերձ մտադիր էր Վարդանույշի հետ ամուսնանալ մի միայն հարուստ լինելուն պատճառավ։

Իսկուհին զայդ զրույց լսելուն պես սարսափեցավ, և յուր առաջին մտածությունն եղավ փրկել յուր դիեցուցած արարածն այդպիսի մեծ փորձանքե։

Բայց վայրկյան մի ետքը անդրադառնալով հարցուց,

— Տիկի՛ն, վստա՞հ եք արդյոք ձեր ըսածին վրայոք։

— Վստա՜հ, ի՞նչ կըսես, Իսկո՛ւհի։

— Ո՞վ տվավ այդ լուրը ձեզի, հավատարմության արժանի՞ է տվողը։

— Երբ ես եմ հաստատողը քեզ ոչինչ կը մնա խոսելու։

— Տիկի՛նս, պետք է ամեն բան գիտնամ, ես ալ ընելիքս ունիմ։

— Ի՞նչ է ընելիքդ։

— Խոսիլ Վարդանույշիս, եղածն իմացնել, բտյց պետք ունիմ…— ըսավ կինն ու կանգ առավ, վախնալով որ տիկինը կրնա նեղանալ։

— Ստույգ տեղեկությանց հարկ ունիս, կիմանամ,— ըսավ տիրուհին, իբր թե զկին նեղանալի վիճակե մ՚ազատելու բաղձանոք, մինչդեռ ինքն անհամբեր էր հառաջ վարել յուր խոստովանությունը։

— Այո՛, տիկի՛նս, միտքս աղեկ հասկցաք։

— Ուստի կիմացնեմ քեզ թե ես անձամբ տեղեկացա ամեն բանի։

— Դո՞ւք, տիկին։

– Այո՛, ես։

— Շնորհք կընե՞ք պատմելու, տիկի՛ն։

— Ես անձամբ քաղեցի ամեն տեղեկություն, ես ականջովս լսեցի զամեն ինչ, դեռ կը տարակուսի՞ս դու։

— Երբ դուք գործին մեջ եք, ամեն բանի կը հավատամ։

— Մտիկ ըրե ուրեմն, քեզ ամեն ինչ պատմեմ։