Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/584

Այս էջը հաստատված է

դիտավորություն ուներ, և թե խիստ գոհացուցիչ պայմաններ խոստանալով, վայելուչ ընկերուհի մի կը փնտրեր յուր ուղևորության համար։

Արաքսիա մասնավոր շնորհք մի բախտին տեսավ այդ անակնկալ պարագային մեջ, ու անմիջապես հաճեցավ ուղեկցելու սույն տիկնոջ՝ զոր ի համբավո կը ճանաչեր խիստ նպաստավոր կերպիվ։

Տիկին Վարսամյան ոչ միայն նույն հոժարությունը չէր հայտներ, այլ ընդհակառակն կը ջանար խափանել ուղևորելու խորհուրդն, առարկելով յուր աղջկան թե գուցե տհաճո ինչ գործեր Ներսեսի նկատմամբ։

Բայց Արաքսիայի կամքն ամեն արգելից կը հաղթեր, և մանավանդ քանի որ հաջողած էր Աբգարյանի որդվույն նման նշանած մի ձեռք ձգել՝ կրկին հարգ ստացած էր յուր մոր առջև, որով Տիկին Վարսամյանի ընդդիմության ոգին շուտով կը նահանջեր աղջկանը տրամադրությանց առջև։

Այդ առաջարկն լինելե ութ օր վերջն՝ Արաքսիա մեկնեցավ հայրենի տունեն տիկին Հարթմանյանի հետ ճամփորդությունն սկսելո համար Եվրոպայի այլ և այլ կողմերը։

ԳԼՈԻԽ ԽԲ.

Տիկին Երանյան մոր մի ճարտար պերճախոսությամբ հայտնած էր ամուսնույն իրենց դստեր սիրահարությունը Սիսակի համար, և հարկն զնա պսակելու անոր հետ։

Պ․ Երանյան ընդդիմացած էր ուժգին, նեղացած, զայրացած, առաջարկի մ՚առջև որ բոլոր յուր տեսություններն ի հիմանց կը քանդեր. զի ինքն մտադիր էր տալ զյուր դուստր ի հարսնություն այն հարուստ երիտասարդին որ արդեն ներկայացած էր իբր փեսայացու։ Զոհել աղջիկն անձի մի որ ոչ դրամ ունի և ոչ իսկ որոշ պաշտոն մի, զայդ հիմարության մեծագույնը կը համարեր։

Եթե խղճալի մայրը մեկ կողմանե կը հաստատեր ամուսնույն դիտողությանց իրավացի լինելն, մյուս կողմանե կը նշմարեր սոսկալի վտանգն իրենց միակ որդին կորսնցնելու՝ նորա սիրույն դեմ արգելք հարուցանելով։