Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/586

Այս էջը հաստատված է

դրած պայմանաժամը։ Բայց այդ շաբաթն որչափ երկարատև պիտի թվեր իրեն, մանավանդ երբ ոչ ևս ուներ զյուր բարեկամուհին ակնկալության ժամերու անձկալից երկարությունն համառոտելու համար։

Ըսինք արդեն որ Վարդանույշ մորն հետ ընտանությամբ չէր խոսեր սրտի խնդիրներու վրա. ու բացի այս պարագայեն կույսն թեև ծնողացը հավանությունն ստացած էր յուր սիրային վեպին հաջողությանն համար, այսուհանդերձ անհանգիստ կացության մեջ կը գտնվեր զի լավ գիտեր թե այդ հավանությունը բռնազբոսիկ էր։

Մինչ Վարդանույշ սենեկին մեջ առանձին էր՝ ու մտացը մեջ կը հեղհեղեր հաճելի տեսարաններ և պատրաստություններ, ահա Իսկուհին որ ներս կը մտնե։ Կույսն ցնծությամբ կողջագուրե զնա, զի անոր գորովագութ սիրտը մաս մի գիտեր հատկացնել անոնց որք յուր վրա անկեղծորեն կը գուրգուրային։

Ազնիվ հոգիներու հաճույքն սիրել է, և պատրանք անոնց համար մահու չափ դժնդակ է։

ԳԼՈԻԽ ԽԳ․

Պատշաճողական քանի մի խոսքերե հետո Վարդանույշ հատկապես խորհրդավոր ձևով մ՚իմացուց յուր դայակին թե իրեն ուրախառիթ լուր մ՚ուներ տալու։

Իսկուհի շուտ վերահասու եղավ այդ լուրին տեսակին վրա. և նկատելով այն մեծ զվարթությունն որ աղջկան դեմքին վրա ծավալած էր՝ ցավեցավ ստուգապես զայն ջնջելու հարկին առջև։ Կը հասկնար կինն որ սոսկալի հարված մի պիտի տար յուր պաշտած աղջկան, ու յուր սիրտը կը ճմլեր։ Բայց ներելի՞ էր իրեն դեդևիլ արդյոք ծանր պարագայի մ՚առջև ուր Վարդանույշի բախտը վտանգի մատնված էր. և առժամանակյա ցավ մի չպատճառելու համար, կրնա՞ր զաղջիկը թշվառության մատնել ցկյանս։ Հիշեց թե եկած էր զյուր սիրեցյալ էակ վտանգե փրկելու համար, և պիտի խոսեր ապահովապես։

Այս խորհրդածությունք շանթի արագությամբ տեղի ունեցան