Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/589

Այս էջը հաստատված է

– Արաքսիա գիշերով Սիսակը ներս առավ Աբգարյաններուն տանը մեջ։

— Այո՛, տեղյակ եմ։ Այդ ժամադրության շարժառիթն էր իմ վրդովյալ սրտիս ապահովություն տալու անշահախնդիր բաղձանքը։

— Դուն այդպես գիտցիր, խեղճ աղջիկ։ Այդ երկուքր չամչնալով գիշերվան մեջ քեֆ կընեին։ Այդ խայտառակ Արաքսիան քու հավնած աղջիկդ է, տե՛ս։

— Կր հայհոյես, Իսկուհի՛, լռե՛։

— Չեմ կրնար լռել, պետք է որ ամեն բան գիտնաս։

— Խեղճ բարեկամուհիս ամուսնությունս հաստատելու կաշխատի, և դու զայն իբր նենգավոր կուզես ներկայել։

— Եվ է։

— Ո՞վ կը վկայե։

— Տիկին Աբգարյանը, ավե՞լին կուզես։

— Տիկին Աբգարյա՞նը։

– Հիմա հավատացի՞ր, թե կուզես եկու քեզ այդ տիկինին տանիմ, ու ամեն բան անոր բերնեն իմանաս։

— Այդ չի բավեր ինձ տակավին, մանրամասնաբար պատմե գիտցածդ, զի կըմբռնես անշուշտ որ տիկին Աբգարյանի տունը ես չեմ կրնար երթալ։

Հայնժամ Իսկուհին պատմեց րոլոր մանրամասնությամբը զոր ինչ իմացած էր տիկին Աբգարյանեն։ Թե Սիսակ կուզեր յուր հետն ամուսնանալ մի միայն հարստութենեն օգտելու և Արաքսիայի հետ հարաբերությունները շարունակելու համար. թե տիկին Աբգարյան ունկնդիր եղած էր բոլոր իրենց խոսակցության, և ականատես իրենց անվայել վարմունքին. որով նույնիսկ հետևյալ օրն՝ որ կը հաջորդեր այդ ամոթալից գիշերվան, տիկինը վանած էր զյուր վարժուհին և պատվիրած էր Սիսակի ոչ ևս յուր տան մեջ ոտք կոխելու։

Վարդանույշ բառ չուներ արտասանելու այդպիսի վճռողական տեղեկություններե վերջը։ Մանավանդ որ հիշեց այն տարտամ և բռնազբոսիկ պատճառաբանությունքն որոնցմով կը պատասխաներ Արաքսիա մեն մի անգամ որ հարցուցած էր անոր յուր հանկարծական մեկնելուն պատճառն Աբգարյանց տունեն։