Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/590

Այս էջը հաստատված է

Երանյանց վշտահար աղջիկը կը կարծեր ճշտիվ ըմբռնել Արաքսիայի տխրության պատճառը, նամանավանդ երբ ապա դա երջանկությանը վրա կը խոսեր։ Կը մտածեր կույսն թե տարակուսելու իրավունք ոչ ևս ուներ երբ տիկին Աբգարյանի նման վկա մի կար մեջտեղ։

Վարդանույշ ամեն կարեկցության արժանի էր․ զի որչափ մոտ կարծեց ինքզինքն երջանկության, նույնքան այդ հեռացավ իրմե։ Մեկ հարվածով երկու սեր կը ջախջախվեին, հավատքը, հույսը կը փշրվեին, և կը մնար դեմ հանդիման հրեշային մատնության մի հանդեպ։

Ի պահանջել հարկին Վարդանույշ կրնար ըմբռնել անհավատարմության օրինակ մի Սիսակի կողմանե, զի այդ անկարելի ինչ չէր երիտասարդի մի համար։ Բայց խաբվի՜լ բարեկամուհիե մի զոր իբր քույր նկատած էր միշտ, զայդ չէր ըմբռներ նա։

Վարդանույշ ոչ լացավ և ոչ ալ հուսահատության ցույցեր տվավ ի ներկայության այդ կնոջ. միայն թե հայտնեց մտադիր լինելն խզելու ամեն հոդ սիրո և բարեկամության եթե յուր կասկածները ցրվելու չի հաջողեր։ Սակայն որոշեց ոչինչ հայտնել ծնողաց թե՛ Սիսակի և թե՛ Արաքսիայի նկատմամբ, քանի որ երկուքն ալ բացակա էին, և մանավանդ երբ Սիսակ զինքն չէր խնդրած ի կնություն տակավին։ Նույն լռությունը պահանջեց Իսկուհիեն ևս այդ ցավալի դեպքին վրայոք։

Երբ կույսն առանձին մնաց սկսավ լալ դառնագին յուր կարծած կրկին մատնության վրա։ Հուսահատությունը չափ չուներ նախ, բայց ապա սկսավ մտածել թե գուցե Իսկուհին սխալ հասկնալով կերպարանափոխ ըներ տիկին Աբգարյանի խոսքերը, զի կասկածիլ սույն տիկինեն մտքեն անգամ չէր անցներ, քանի որ զայն ամեն հարգանաց արժանի կը համարեր, երբ մանավանդ Արաքսիա երբեք չէր չարախոսած անոր վրա։

Սակայն կասկածոտ անձանց հատուկ բերմամբ ուզեց այցելել ծնողաց Արաքսիայի, մտածելով թե գուցե անոնց խոսքերեն հաջողեր աղոտ լույս մ՚ստանալու պատահած մութ խնդրույն վրա։ Եվ իրոք անմիջապես գնաց հայցելություն Վարսամյան ընտանյաց։