Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/594

Այս էջը հաստատված է

Աբգարյանի որդին կը թղթակցեր յուր երկու փոքրիկ քույրերուն հետ. այդ թղթակցությունը թեև հաճոյալից էր իրեն, վասնզի անկեղծ և սիրահորդ զգացմանց արտահայտությունը կը տեսներ հոն, մյուս կողմանե յուր աննպաստ կողմն ևս ուներ. զի տղայք՝ որոնց սրտին մեջ վառ մնացած էր իրենց վարժուհվույն գաղափարն, ամեն անգամ անոր վրա կը խոսեին անմեղ հոգվո մի մասնավոր գորովանոքն և խանդիվը։ Զհիշատակ անցյալ օրերու կը զարթուցանեին Ներսեսի մտաց մեջ, հիշատակելով այն բարեբաստ ժամանակն ուր իրենք երջանիկ կապրեին երկու սիրելյաց ընկերությամբ։

Երիտասարդ Աբգարյանը կը հուզվեր ընթեռնլով զայդ տողեր, և այդ հուզումն առավել արգահատական զգացում մի կը համարեր քույրերուն նկատմամբ քան թե վաղեմի համակրության մի հետքը։ Բայց սա ստույգ է որ տղայոց նամակները միշտ տխրախառն գոհունակություն մի կազդեին իրեն, որում կը հաջորդեր զգալի մելամաղձոտություն մի։

Ներսես խույս կուտար ընկերութենե և ամեն երիտասարդական հեշտություններե։ Զինքն իբր վայրենի անձ մի կը նկատեին ի Մանչեսթըր, թեև ամենուրեք յուր գործունեությունը կը գովեին և յուր հաջողակությունը՝ խորհրդոցն ու անոնց գործադրության մեջ։

Երիտասարդը կը հառաջադիմեր, ապագան զգալի կերպիվ կը բարվոքեր, յուր անձնասիրությունը գոհ կը լիներ նկատելով զարդյունքն աշխատության, բայց յուր սիրտն օտար կը մնար այդ գոհունակության։ Քանի մ՚ամիս առաջ փափագող էր Ռոչիլտի հարստության, բայց նույն պահուն սիրտը նպատակ չունենալով՝ բախտին խորթ զավակը կը համարեր ինքզինքը։

Կյանքը կը նկատեր իբր բռնավոր տեր մի որուն ծառայելու պարտավորած էր դասալիք չլինելու համար։ Թվեր իրեն թե պիտի սկսեր ապրիլ նույն վայրկենեն որ մահվան զանգակն հնչեր ականջին։ Դառնությամբ կը նայեր կենաց, սրտին դատարկութենեն կը գանգատեր, երբ ընդհակառակն սիրահորդ էր այն. և երբ զյուր անձ մեռած կը համարեր սիրո համար, չգիտեր թե կենդանությամբ լի էր տակավին։

Արաքսիա յուր կողմանե կը տառապեր, զի կիմանար թե