Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/596

Այս էջը հաստատված է

հոգին կը տրոփեր երբ հեռվեն յուր պաշտած անձին նմանող մեկը կը նշմարեր. Ներսես ոչ ուրեք էր, պատրա՜նք։

Բուռն անձկութենե մղյալ՝ Արաքսիա վայրկյան մի հոժարություն ունեցավ հայտնել տիկին Հարթմանյանի յուր հոգվույն գաղտնիքն, և խնդրել անկե որ մինչև Մանչեսթըր ուղևորին։ Վստահ էր որ յուր ազնվամիտ տիրուհին կը կատարեր յուր բաղձանքն, հենլով այն համերաշխության վրա որ վշտակիր քույր հոգիներու միջև կը տիրե, բայց մտածեց թե գուցե Ներսես ոչ ևս կը գտնվեր ի Մանչեսթըր. և եթե էր տակավին, երկյուղ զգաց հաշտության փորձն ապարդյուն մնալուն վրայոք, որով յուր արժանապատվությունը մեծ հարված մի կընդուներ տիկնոջ առջև։

Արժանապատվության վերաբերող փափուկ խնդիրներ կան, զորս մարդ ոչ միայն այլոց կը դժկամակի հայտնել, այլ եթե կարելի լիներ անձեն իսկ կը ծածկեր։

Մինչ կը տատաներ Արաքսիա այդ առաջարկն ընելուն կամ չընելուն վրա, ահա տիկին Հարթմանյան որ հաշիվ շաբթվան մի այցելութենե վերջը, Լոնդոնի հրաժեշտ տալու դիտավորությունն հայտնեց, առարկելով սույն մայրաքաղաքին չար ներգործությունն յուր առողջությանը վրա։

Ամեն հույս մեռած էր ուրեմն Արաքսիայի համար, ու վայրկյան մի Ներսեսի հետ հաշտության հույսն աչացը փայլելեն վերջը մթագնեցավ վերստին։

Անգլիո մայրաքաղաքին մեջ ամեն ինչ ահագին դղրդում և կենդանություն էր. բայց Արաքսիայի թվեր ընդհակառակն թե բոլորովին ամայություն էր յուր շուրջը։ Հեռի էր իրմե յուր պաշտած անձն, որով զուրկ էր կենսական տարրեն։

ԳԼՈԻԽ ԽԷ.

Հետ արձակման Արաքսիայի՝ ավելորդ համարեց տիկին Աբգարյան հայ լեզվին ուսմունքն հառաջ վարել յուր որդվոց համար, քանի որ կը համարեր հայերենն իբր մեռյալ բարբառ մի, որ օգտակար կրնար լինիլ միայն վարժապետի պաշտոնը վարելու սահմանված անձանց, և ոչ թե ընկերության մեջ փայլելու վիճակված մեծատոհմ օրիորդաց․ զի ըստ տիկին