Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/598

Այս էջը հաստատված է


եթե նույնիսկ ճանաչեր խստությունն գերմանուհվույն, գոհ կը չիներ մանավանդ, զի այնպես կը մտածեր թե տղայք խարազանավ կը կրթվին և ոչ թե քաղցրությամբ։ Մանավանդ որ մասնավոր գոհունակություն մ՚ալ ուներ նոր վարժուհվույն նկատմամբ, այն էր անոր տգեղ և հասակավոր լինելն, որով ի նա դարձյալ նախանձորդ մի գտնելու երկյուղեն ազատ էր։

Բայց Աղավնի՝ իբր փափուկ տունկ որ պետք ունի արեգական ջերմության, կը գունատեր ու թարմությունը կը կորսնցներ այդ կնոջ սառած շունչին ներգործությամբ։ Արաքսիայի սիրալիր և ջերմ մթնոլորտին շնորհիվ աղջիկն աճած էր և բարգավաճած. այգ կենսատու մթնոլորտեն զրկվելով՝ գլուխը ծռած ակնկոր կը քայլեր կենաց մեջ։

Արմինե թեև ցավ կզգար Արաքսիայեն հեռանալովն՝ այսուհանդերձ ոչ յուր զվարթությունը կը կորսնցներ, և ոչ ալ յուր առողջության վնաս կը հասցներ։ Փոքրիկը կը համակերպեր ամեն վիճակի, կերգեր, կը խայտար, կը ցատքռտեր, որչափ որ կարելի էր խիստ հրամանատարության ներքև։

Զգայուն բնությունները քան զսովորական կազմություններն ավելի կզգան ամեն ինչ, և մանավանդ վիշտ։ Ցավը վայրենի ու դառն հաճույքներ ունի որ զհոգին պեղելով կը հրճվեցնե։ Տառապանքն ունի յուր բանաստեղծությունն ինչպես և ուրախությունը։ Մին աշնանային մութ գիշերվան եղերերգն է մյուսը գարնանային լուսազարդ և գեղեցկաբույր առավոտյան զվարթ երգն է։ Խավարն ունի յուր խորախորհուրդ և մութ հեշտությունն, ինչպես լույսն ունի յուր սրտագրավ և ուրախալից վայելքն։ Առաջինն առավել դժվարըմբռնելի է, զի փափուկ և զգայուն հոգիներու առանձնաշնորհությունն է. մինչ մյուսը ամենուն դյուրամատչելի է։

Աղավնին կը մաշեր յուր նախկին վարժուհվույն կարոտիվ. բայց ապահով էր թե անհնար էր տեսնել զնա, քանի որ մայրը բացարձակ հակառակությամբ կը խոսեր անոր դեմ։ Գո՜նե եթե եղբայրն ունենար. բայց անկե ևս զուրկ էր։ Ուստի այդ կանխահաս մանուկն հինքն ամփոփվելով տառապանաց դպրոցին կաշակերտեր առանց ոչինչ հայտնելու քրոջն, որ յուր տարիքին սեփական անտարբերությամբը կապրեր։

Աղավնին հասուն աղջիկն էր որ կը մտածեր, կը խորհեր,