Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/60

Այս էջը հաստատված է

ծառին կոճղը զոր շանթը զարկավ և ավերեց։ Անցյալ շքեղություն մի կը ներկայացնեմ և ոչ այլ ինչ։ Երբ կը սիրեի և սիրված էի՝ չգիտեի կենաց հարգը, զի սիրելն ապրիլ է։ Այսօր կը նմանիմ ավերակաց ոգվույն որ կերկերաձայն կերգե անցյալ փառազարդ հիշատակներ. վա՜յ անոր որուն և ոչ մի հաճույք կընձեռե ծաղիկն որ կը ծլի, հողմն որ կը սուլե, լուսինն որ կ՚երազե, առվակն որ կը մրմնջե, տղան որ կը խնդա, սիրտն այն որ իրեն կը ժպտի. բնության մեծ գիրքը գոց է անոր համար, յուր կյանքն սպիտակ թերթ մ՚է միայն որո վրա գծված է Մահ բառը։ Այնպիսի անձի համար կյանքր դիակ մ՚է զոր կը կրկտե, և որո մեն մի հոշոտած անդամներն հետզհետե ի բաց կը նետե դիպվածին բերման համեմատ. երբ այդ դիակեն ոչինչ կը մնա, հայնժամ ցրվյալ մասունքը կորոնե շունչովը կենդանացնելու և կազմակերպելու համար, բայց ի նանիր, զի կյանքը չի վերածնանիր երբեք։ Բարեբաստությանս ժամանակը կը ճանաչե՞ի արդյոք վիճակս. երջանկության ծաղիկը տերևաթափ ընելեն վերջը տեսա թե ոչինչ կը մնար ինձ և ափսոսալով ի զուր չորս կողմ նայեցա։ Առանձին էի և աննպատակ. առանց նպատակի ապրիլը դատարկության հետ եղբայր ըլլալ է։ Որոշեցի ուրեմն կյանքն ուսումնասիրել առանց կրից և անշահասեր մտոք։ Դիտեցի որ երկու գլխավոր զորությունք գրաված էին մարդկությունն, այսինքն կրոնքն և անիրավությունը։ Կրոնքն հարստահարության և տանջանաց գործիք դարձած է. զոր օրինակ խիղճն ազատ չէ, և ոչ իսկ միտքը, սիրտն ու գործողությունը։ Խիղճը, միտքը, սիրտն ու գործն ազատ մարդը կը ձևացնեն, և ազատ մարդը դարերե իվեր յուր ազատաթյունր կը զոհե կարգ մը մարդոց որ կանվանի կղեր, և սա կը մտցնե մարդն երկաթյա շրջանակի մեջ։ Մարդիկ այս անձուկ սահմանին մեջ կը խլրտին զիրար վանելով, բաղխելով, ատելով, վիրավորելով, ի խավարին իրարու վրա թավալելով, զիրար կոխկռտելով, մեռնելով։ Եվ երբ լույսը կը ջանա թափանցել մինչև այդ մարդկային սև կույտին խորը, մակերևույթին կը հասնի միայն, իսկ մնացորդ ամբողջ մասերը մթության մեջ խորասուզված կը մնան։ Այս ամբողջությունը պիտի լուսավորվի։ երբ գիտությանց ջահը մինչև ընկերության

38