Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/601

Այս էջը հաստատված է

թե ամեն ջանք պիտի ըներ փութացնելու իրենց ամուսնությունն, և թե ընդփույթ հաջողելու համար յուր գաղտնապահության կը կարոտեր։

Անփորձ արարածն ոչ միայն խոստացավ իրմե պահանջվածն, այլ անխիղճ երիտասարդին սիրո թակարդին մեջ անկավ ամբողջապես։

Իսկ Սիսակ մոռցավ թե յուր պայմանաժամը լրացած էր ի Պոլիս․ մոռցավ յուր շահերն, ու այն բուռն եռանդյամբ և ծայրահեղությամբ որ հատուկ էր յուր անսանձ բնավորության, սիրո աղմկալից կենաց մեջ թավալեցավ գլխիկոր։ Բայց ինչպես ամեն կիրք որ չափազանց է՝ Սիսակի տրփանքը շատ շուտ սպառեցավ։ Եվ երբ զգաց թե յուր բաղձանքներն հագեցած էին, երկարաձգած դատը փութաց հաջողությամբ ավարտել, և իրեն խոստացված չափավոր գումարը ստանալեն վերջը նույնիսկ անոր ձեռքեն որուն ի փոխարեն աղջկանն անպատվությունը կը թողուր, ընդ փույթ վերադարձի խոստմամբ ու հարատև սեր խոստանալով գեղանվույն, մեկնեցավ Սիսակ արտասուք և սուգ թողլով յուր քմահաճությանց դյուրախաբ զոհին։

Անխիղճ մարդիկ կան որք սրտերու հետ կը խաղան ինչպես տղայք իրենց խաղալիքներուն հետ, զորս քիչ ժամանակ վայելելեն վերջը, կը ջախջախեն մեկ կողմ նետելով, զնորանորս ստանալու ակնկալությամբ։

Սիսակ այդ կարգի մարդկանց տխուր պատկերն էր. միայն յուր շահն և հաճույքը կը ճանաչեր, անփույթ այն աղետից զորս յուր քմահաճ և վաղանցուկ կիրքերը կրնային հարուցանել։ Յուր մեկ վայրկենական հեշտությանն համար մշտատև արտասվաց աղբյուր մի բանալու բնավ խիղճ չէր ըներ։

ԳԼՈԻԽ ԽԹ.

Առավել քան երեք ամիսներ սահած էին երբ Արաքսիա վերադարձավ ի Պոլիս հետ յուր ուղևորությանն յԵվրոպա, առանց յուր բարոյական վիճակը փոփոխություն կրած և առանց մասնավոր ուշադրության դեպք մի պատահած լինելու։