Արաքսիայի համար ամեն կարևորության արժանի նյութ հանձին Ներսեսի բովանդակված էր․ քանի որ անոր չէր հանդիպած, յուր ճամփորդությունն ոչ այլ ինչ նպատակ ունեցած կը լիներ եթե ոչ ծնողացը նյութական պիտույքն հայթայթած լինելու գոհունակությունն, և բարեկամուհի մի շահած լինելու գիտակցությունն հանձին ազնվասիրտ տիկին Հարթմանյանի։
Արաքսիայի վերադարձին օրն իսկ Սիսակ պատահմամբ ի մայրաքաղաքս կուգար, քաջահույս լինելով ծածկել սուտով մի հաչացս Վարդանույշի յուր երկար բացակայության պատճառը։
Մարդիկ կան որ ոչ միայն խաբեության մեջ ամոթ չեն տեսներ, այլ ընդհակառակն ճարպիկություն կը համարին այդ անարգ միջոցավ հաջողիլ։
Իսկ Վարդանույշի գալով, վշտահար աղջիկն որ վիրավորյալ էր յուր արժանապատվության մեջ, հուսաց դյուրավ բուժիլ անարժան սիրո մարտիրոսութենեն։ Բայց նկատելով յուր անկարողությունը՝ ջնջելու զյուր հոգին գրավող հիշատակը, սկսավ վհատիլ, հյուծիլ, տկարանալ, և վերջապես այնպիսի հուսահատ կացության մեջ անկանիլ մինչև ամեն բժշկական ջանքերն ապարդյուն թողլու։
Պարոն և տիկին Երանյան անհուն մտատանջության մատնված էին, ու գորովագութ ծնողաց հատուկ սրտահուզությամբ կը տանջվեին։ Իրենց դստեր հիվանդությունը Սիսակի բացակայության վերագրելով, մեծ անհամբերությամբ անոր վերադարձին կը սպասեին։ Մանավանդ որ ոչինչ չգիտեին ոչ Սիսակի ուր գտնվելուն վրա, ոչ իրենց դստեր դժգոհության մասին երիտասարդին նկատմամբ, և ոչ անոր հետ չամուսնանալու խորհրդույն վրա։
Վարդանույշ ամեն ինչ ծածկած էր ծնողքեն հարկ եղած ժամանակն իմացունելու համար անոնց թե ոչ ևս հոժարամիտ էր յուր փափագած ամուսնությունն ի կատար հասցնելու, առանց սակայն հայտնելու անոնց այն մատնությունն որում զոհ եղած լինիլ կը կարծեր, զի կամչնար խոստովանելու թե խաղալիք եղած էր այն բարեկամուհվույն իսկ զոր ոգվով չափ պաշտած էր, ինչպես և այն սիրահարին որում ամեն ինչ զոհելու պատրաստ էր։