Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/606

Այս էջը հաստատված է

բայց Արաքսիա որ ոչինչ գիտեր երիտասարդին մասին, զայդ իբր երկնային շնորհք համարեց, և արտաքո կարգի այլայլությամբ ըսավ

— Տիկի՛ն, հաճեցեք իմացնել պ․ Սիսակի որ անմիջապես հոս գա։

Վարդանույշ անկարող էր դեմ դնել այդ հրավերին, մանավանդ որ կը փափագեր անհունապես զերիտասարդը տեսնել կասկածներն հաստատելու կամ ցրվելու մտոք։

Բայց զգուշավոր մայրը վախնալով որ Սիսակի ներկայությունը կրնար նոր հուզում պատճառել աղջկանը, տեղացը չէր շարժեր, այլ անձկանոք հիվանդին մոտ կեցած անոր երեսը կը նայեր։

Զայս դիտելով Վարդանույշ՝ յուր մորն անհամբերությամբ ըսավ.

— Մա՛յր իմ, հաճեպ, Սիսակի իմացնել որ Արաքսիա զինքը կը խնդրե։

Վաղեմի վարժուհին լիովին զգաց ակնարկության խստությանը, բայց ոչինչ պատասխանեց։

Հեռացավ տիկին Երանյան և հայնժամ Վարդանույշ հարցուց.

— Խոստովանե՛, Արաքսիա, միատե՞ղ ճամփորդեցիք։

– Ո՛հ,— գոչեց դատապարտյալ կույսն,— որչափ անիրավ ես դու։ Աստի մեկնելես իվեր չեմ տեսած զինքն, և յուր վերադարձն անգամ կանգիտանայի։

– Լա՛վ, լա՛վ։

— Բայց ըսե, Վարդանույշ, ո՞ր սատանան ազդեց քեզ այդ դժոխային կասկածներն, ի՞նչ է անունը։

— Այդ իմ գաղտնիքս է,— պատասխանեց հիվանդը, մինչ ակնդետ դրան՝ անհամբերությամբ Սիսակին կը սպասեր, և հանկարծ Արաքսիայի դառնալով, ըսավ նախանձու զգացմամբ

— Գուցե եկավ զքեզ տեսնելու։

Եվ մինչ Արաքսիա՝ բուռն դառնությամբ համակված, իբր արհամարհյալ արժանապատվության պատկեր կը հանդիսանար, դուռը բացվելով՝ Սիսակ ներս մտավ։