Երիտասարդն ոչ նվազ քան զԱրաքսիա զարհուրեցավ հիվանդ աղջկան այլակերպությունը նշմարելով, և խղճի խայթ մ՚զգաց կասկածելով թե յուր բացակայությունն եղած էր պատճառ այդ աղիտից։ Մոտեցավ Սիսակ ձեռք տալու համար Վարդանույշի, բայց սա փոխանակ զյուր ձեռք կարկառելու՝ դեմքը գոցեց և սկսավ լալ հեծկլտանոք։
— Սիսակ,— գոչեց Արաքսիա,— ուրախ եմ որ ժամանակին վերադարձար զիս սոսկալի զրպարտութենե մը ազատելու համար։
— Ի՞նչ զրպարտություն։
— Պատմե նախ ինչպե՞ս հանդիպեցավ որ այս առավոտ դու եկար Երանյան ընտանյաց այցելելու։
— Խիստ բնական դրդմամբ,— պատասխանեց երիտասարդն։— Երեկ իրիկուն Պոլիս հասա հետ բացակայության մի որ դժբախտաբար շատ երկարեցավ կնճռոտ դատի մի պատճառավ։
Անշուշտ Սիսակ կզգուշանար յուր վերադարձին հապաղման բուն պատճառը խոստովանիլ։
— Շարունակե,— ըսավ Արաքսիա անհուն վրդովմամբ, մինչ Վարդանույշ կարծես Սիսակին շրթունքներեն վար կախված՝ կը փափագեր ի սրտե որ նա յուր դժոխըմբեր կասկածները կարենար ցրվել վերջնական կերպիվ։
— Այս առավոտ,— շարունակեց Սիսակ, Արաքսիայի ուղղելով խոսքերը,— ձեզ տեսության գնացի, և մայրդ տվավ ինձ վերադարձիդ ուրախառիթ լուրն և օրիորդ Վարդանույշի հիվանդության գույժը։ Բնականաբար մեծ անձկություն մ՚զգացի, և անհամբերությամբ համակված փութացի անմիջապես գալ՝ ևս անձամբ տեղեկանալ օրիորդին կացության վրայոք։
— Եվ ինչպե՞ս եղավ որ վեր ելար։
— Տիկին Երանյան տեսավ զիս մինչ դռան առջև էի և հրավիրեց զիս ներս մտնելու։
Արաքսիա նշանակությամբ լի նայվածք մ՚ուղղեց Վարդանյուշի, նայվածք՝ որ թվեր կշտամբել զինքը կասկածանաց անիրավության համար։