— Ձեր կասկածները բոլորովին անտեղի են, օրիորդ, և զանոնք ձեզ ազդողը տիկին Աբգարյանն է։
Արաքսիա զարհուրմամբ կը հաստատեր թե այդ կինն էր յուր գաղտնի թշնամին, քանի որ Վարդանույշ հակառակը չէր ըսեր, և կը կասկածեր թե նույն անձն էր անշուշտ որ զՆերսես հեռացուց իրմեն․ իսկ Վարդանույշ անհուն անձկությամբ հարցուց.
— Տիկին Աբգարյան ի՞նչ շահ ուներ արատավորելու Արաքսիան, և եթե հիմնավոր պատճառներ չունենար, ի՞նչպես կրնար ուղղել յուր վարժուհվույն այս արհամարհոտ նամակն ըսավ, անկողնույն մերձ տուփե մը թուղթ մի հանելով և զայն ներկայելով երկուքին։
Անմիջապես որ տեսավ զայդ և պարունակությունը կարդաց, Արաքսիա հարցուց զարմացմամբ Վարղանույշի թե ինչպես զայդ ձեռք ձգելու հաջողած էր։
— Եղանակավ իմն որ պատվավոր չէ գիտեմ, ըսավ Վարդանույշ, բայց կասկածով մաշող հոգվո համար ամեն միշոց լավ է, ուստի սենյակդ մտնելով տեսա զայն և առի։
— Բնավ զքեզ չեմ մեղադրեր,— պատասխանեց վարժուհին։
— Այդքանը չի բավեր ինձ, բացատրե՛, ի՞նչ կը նշանակե նամակս այս։
Նույն պահուն Սիսակ փութաց պատասխանելու փոխանակ Արաքսիայի և ըսավ․
— Օրիո՛րդ, այդ նամակին մեկնությունը տալու հոգը ինձ կը պատկանի։
— Ինչո՞ւ ձեզ, պարոն, և ոչ օրիորդին։
— Վասնզի դժվարին խոստովանություն մ՚ընել հարկ է ինձ ի սեր արդարության, խոստովանություն զոր վստահ եմ թե օրիորդ Արաքսիա ոչ երբեք հանձն կառնու մատնություն մի չկատարելու համար։
— Պատրաստ եմ ամեն ինչ լսելու,— ըսավ հիվանդը։
— Տիկին Աբգարյան զիս կը սիրեր։ Ես, թեև զհոգիս ձեզ նվիրած էի և եմ, օգուտ քաղեցի երիտասարդական անկախութենես, քանի որ ձեզի հետ ամուսնացած չէի։