հոսեր։ Իսկ Սիսակ որ ամեն պարագայի համեմատ ձևեր ուներ, արժանավայել եղանակավ հայտնեց որ նույն օրեն պիտի ապրեր օրիորդ Վարդանույշի երջանկությունն ապահովելու համար միայն՝ ձոնելով անոր ամբողջ յուր կյանքը։
Տիկին Երանյան երջանիկ էր աղջկանը դեմքին զարմանալի փոփոխությունը նշմարելով, և կը ցնծար մոր մի սրտով, վստահ լինելով թե յուր սիրելի զավակն ի կյանս պիտի վերադառնար։
Եթե Վարդանույշ հուսկ ուրեմն յուր սիրո հույսերուն մոտակա պսակմանը վրա կը ցնծար, Արաքսիա սրտին ծանրության սփոփանք կը գտներ, մտածելով որ ազատորեն կրնար յուր անձն արդարացնել Ներսեսի առջև, Վարդանույշի հարաբերությանց նկատմամբ ամեն պարագաները մանրամասնաբար յուր սիրահարին պատմելով, ինչպես և հոն յուր խաղացած ամբողջ դերը, քանի որ երկու երիտասարդաց նշանտվությունն ամենուն հայտնվեցավ։ Ուստի փութաց երկրորդ նամակն հղել ի Մանչեսթըր, բայց սա հետ սակավաթիվ ավուրց ետ եկավ պատճառավն բացակայության Ներսեսի՝ առ որ ուղղյալ էր։ Այդ անակնկալ դեպքն ի խոր խոցեց զԱրաքսիան, բայց համբերության և համակերպության խիստ դպրոցին իբր հավատարիմ աշակերտուհի՝ յուր չափն հինքն ամփոփելով տառապեցավ լռելյայն ինչպես հանցելումն։
Տիկին Հարթմանյան որ գնահատած էր ամեն ձիրքն Արաքսիայի և մասնավոր համակրություն մ՚ունեցած էր նմա, առաջարկեց աղջկան յուր տան մեջ իբր կենակից օրիորդ[1] հետն ապրելու։ Երիտասարդուհին խիստ գոհ էր այդպիսի պաշտոն մի վարելու իրեն սիրելի եղած պատվակիր տիկնոջ մոտ. մանավանդ երբ ստանալու նյութական վարձատվությամբն յուր ընտանյաց դյուրակեցությունը պիտի ապահովեր։ Ուստի փութաց յուր պաշտոնավարությունը ժամ հառաջ սկսել տիկին Հարթմանյանի տան մեջ հաստատվելով։
- ↑ Dame de compagnie.