Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/613

Այս էջը հաստատված է

Տիկին Հարթմանյանի ընտանիքը կը բաղկանար իրմե և ամուսինեն։ Մինչ պատանուհի՝ կորուսած էր զյուր ծնողք, ժառանգալով անոնցմե գեղեցիկ հարստություն մի։ Լավ ուսում առած էր նա, միտքն ու սիրտն նույնչափ մշակված էին։ Գեղեցիկ էր, ազնիվ, զգայուն և երիտասարդ, կապրեր ընդ հսկողությամբ ծեր մորաքրոջ մի երբ որ որբ մնաց։ Անթիվ փեսաներ ներկայացան, ոչ այնքան օրիորդին բարոյական և մտավորական ձրից համար, որչափ հարստությանն որ գլխավոր հրապույրն էր անոր։ Ամենքը մերժվեցան, և պ․ Հարթմանյանի վիճակված էր օրիորդեն և մորաքրոջմեն հավնվելու բախտը, ու իրոք զամեն ինչ ուներ գրավելու համար. խելք, ուսում, ընկերական դիրք, հարստություն, դեմք համակրելի ե վայելուչ ձևեր։ Պ. Հարթմանյան սիրահարվեցավ երիտասարդուհվույն և բաղձանացը կատարման հասավ հետն ամուսնանալով։

Երկու նորապսակ ամոլք երջանիկ էին կատարելապես, և եթե տիկին Հարթմանյանի մորաքրոջ մահը տեղի չունենար, մանկամարդ կինը պիտի կարծեր զյուր անձ կատարյալ երջանկության անձնավորությունը։

Բայց ինչպես կը պատահի բոլոր այն երիտասարդաց որք նախ աղմկալից կենաց մեջ կը գլորին հախուռն կերպիվ, և հետո իրենց հեշտասեր կրից կատարելապես գոհացում տալով՝ կը փորձեն ընտանեկան անդորրավետ կենաց մեջ երջանկություն մի փնտրել որ խույս կուտա իրենցմե․ այսպես պ․ Հարթմանյան հազիվ վեց ամսե ի վեր ամուսնացած էր երբ ձանձրացավ ամուսնական կյանքեն, և բուռն եռանդյամբ վերստին նետվեցավ յուր նախկին մեղադրելի ընթացքին մեջ։

Մանկամարդ կինը որ հազիվ հազ քսան տարեկան էր երբ ամուսնացավ և ամուսինն քսան և յոթն, միայն վեց ամսվան ամուսնական երանություն վայելեց, ապա դատապարտվեցավ լքման և առանձնության։

Կարեվեր կինն փոխանակ ընկերության աղմկի մեջ մխիթարություն փնտրելու յուր ցավոց՝ առանձնության մեջ ընդհակառակն փակվեցավ և գրոց մեջ որոնեց յուր տառապանաց սփոփանք։

Հազիվ չորս տարիներ անցած էին և տիկին Հարթմանյան