Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/615

Այս էջը հաստատված է

մ՚ուներ սրտին վրա, բայց փափուկ զգացման ամեն ազնվականությամբ զգուշացած էր որևէ ակնարկություն ընելե այդ մասին։

Օր մի սակայն Արաքսիա ընտանյացն այցելության գնացած լինելով՝ ուզած էր յուր երջանիկ բարեկամուհվույն հետ ևս տեսակցիլ. Վարդանույշ շրջագայության գնացած էր մորը հետ։ Ուստի նույն պահուն որ տան դռնեն ներս չմտած կը պատրաստվեր մեկնելու՝ նշմարեց զԻսկուհին բակին մեկ անկյունը նստած։ Թեև այդ կինն իրեն դեմ դավակցած էր զինքն Սիսակի իբր սիրուհին ներկայելով Վարդանույշի, բայց անոր դեմ հակառակություն չուներ. զի Վարդանույշ հավատացուցած էր թե նա տգիտությամբն գործիք եղած էր տիկին Աբգարյանի, և թե մինչև անգամ չէր ուզած նա հավատալ թե այդ տիկինը նենգության և նախանձու զգացմամբ հեղինակած էր Արաքսիայի մեղավորության պատմությունն։

Ուստի անմիջապես որ Արաքսիա նշմարեց զԻսկուհին՝ ներս մտավ և մերձենալով այդ կնոջ, ամենայն անձկությամբ հարցուց թե ինչպե՞ս էր յուր սիրեցյալ Աղավնին՝ որուն անձնական վիճակին վրայոք ցավալի լուրեր կառնուր։ Ո՜րչափ կը փափագեր երիտասարդուհին հսկել այն գողտրիկ հրեշտակին վրա որուն նկատմամբ մայրական գութ մի զգացած էր միշտ։ Բայց Աբգարյան դուռն իրեն համար անմատչելի էր, զի ապահով էր թե տիկինը զինքը կը վաներ եթե նույնիսկ զոհն ըներ առ յուր Աղավնին սուրալու։ Ուստի Իսկուհին ձևով մի որ բոլոր յուր հակակրությունը կը հայտներ, քթին տակեն պատասխանեց թե Աղավնիի վիճակը ծանր էր։

— Խե՜ղճ հրեշտակս,— գոչեց Արաքսիա արտասվելով։— Բայց խնդրեմ, հարեց զգայուն աղջիկը, ըսե ինձ, կը քայլե՞, թե անկողնո կը ծառայե նա։

— Անկողնո մեջ է,— պատասխանեց Իսկուհի, խրոխտ կերպարանոք։

Կինը սրտմտելով ըսավ.

— Ինչո՞ւ կուզես որ քեզմե պահեմ, երբ դու վերջապես օտարական մ՚ես։

— Այո՛, օտարական եմ արյամբ բայց ոչ սրտով։ Կաղաչեմ ըսե ինձ ի՞նչ կընե, զիս կը հարցնե՞ արդյոք երբեմն։