Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/626

Այս էջը հաստատված է

Սիսակ զայդ ևս պատվույն վրա խոստացավ և կատարելապես խոստումը պահեց։

— Ուրեմն վաղն առավոտ եկու հոս,— ըսավ աղջիկը,— վերջնական պատասխանն ընդունելու համար։

Սիսակ հրաժեշտ առնլով յուր ազգականեն մեկնեցավ, մինչ ազնվասիրտ աղջիկն՝ յուր սրտին սուգը մեկ կողմ թողլով՝ գնաց տիկին Հարթմանյանի փոխառության առաջարկն ընելու։

ԳԼՈԻԽ ԾԹ.

Ներսես Վիեննա գնացած էր գործով երբ Արաքսիա յուր երկրորդ նամակն ուղղեց առ նա, և այդ պատճառավ էր որ թուղթն առ ինք վերադարձավ։

Տակավին ի մայրաքաղաքն Ավստրիո էր և կը պատրաստվեր ի Մանչեսթըր վերադառնալ երբ ձեռքն հասավ Աղավնիի երկտողը։

Ներսես, որ մինչև նույն ժամանակ կանգիտանար քրոջն ախտին ծանրության աստիճանը, սարսափեցավ, մահու չափ ցավեցավ, և մտադիր եղավ անմիջապես ճամփա ելնել թեև ուխած էր ոչ ևս ոտք կոխել ի Պոլիս, մանավանդ այցելել այն տան ուր անհուն երջանկություն վայելած էր, և ուր թողած էր յուր վաղամեռիկ բարեբաստությունը։

Ուստի նամակն ընդունելով երկրորդ օրն իսկ ճամփա ելավ, և չորս օր վերջը կարողացավ յուր փոքրիկ սիրեցյալ հիվանդը բազկացը մեջ սեղմել, զարհուրմամբ նկատելով սակայն տղուն ավերակացյալ դեմքն։

Աղավնի չէր կրնար հագենալ ի տես յուր եղբոր. կը նայեր անոր անհուն գորովանոք, կը սեղմեր սրտին վրա անոր ձեռքերն և կըսեր շարունակ.

— Եղբա՛յրս, չգիտես որչափ երախտագետ եմ քեզ որ բաղձանացս մին կատարեցիր։

— Եվ որո՞նք են մյուս բաղձանքներդ, քույրի՛կս։

— Պիտի իմանաս զայդ վաղն առավոտ։

— Ինչո՞ւ ոչ այսօր։

— Վասնզի այսօր քու գաղափարավդ և քեզմով միայն կուզեմ զբաղիլ։