Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/628

Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ Կ.

Ներսեսի հանկարծական գալուստն իբր բոթ հնչեց տիկին Աբգարյանի ականջին։ Այդ հրեշ մայրն՝ անտարբեր տղուն ծանր վիճակին, յուր վատ մեքենայությանց ու սիրահարական խորհրդոցն էր հետամուտ։

Հաջողած էր հավտացնելու Իսկուհիին Ներսեսի ամուսնությունն, որպեսզի նա Երանյանց հաղորդելով զայդ լուր, մինչև Արաքսիայի հասներ, վերջնական հարվածը տալով անոր հույսերուն։ Բայց փոխանակ անուղղակի կերպիվ՝ Իսկուհին ուղղակի գուժած էր խեղճ Արաքսիայի ականջին՝ Ներսեսի անտեղի ամուսնությունն։

Երիտասարդին վերադարձն ի դերև կը հաներ բոլոր հաշիվները տիկին Աբգարյանի, և այդ տեղի կունենար անմեղ արարածի մի միջոցավ որ կարծես վրեժխնդիր կը կանգներ անմեղության արդար դատին։

Տիկին Աբգարյան ոչինչ գիտեր թե հրավիրանոք յուր դստերն եկած էր Ներսես ի Պոլիս, և կանիծեր յուր չար հոգվովն այդ ուղևորության շարժառիթը։

Ման ավանդ որ տիկինբ չարաչար կը տանջվեր նկատելով որ յուր առաջարկն առ Սիսակ երկու օրե ի վեր անպատասխանի կը մնար։ Եթե Սիսակ հաջողեր, կը մտածեր նա, պ․ Գրիգորի դրամական պահանջումն առանց յուր միջամտության գոհացնելու, անշուշտ անոր ամուսնությունը կը կատարվեր Վարդանույշի հետ, զի կարող չէր արգիլելու զայն՝ Սիսակի և օրիորդ Գրիգորի[1] միջև տեղի ունեցած գայթակղական դեպքն երևան հանելով, քանի որ փաստ մի չուներ։ Միակ օրինավոր վկան որ իրեն կրնար օժանդակել պ. Գրիգորն էր. և նա յուր տան պատվույն համար պարտավորյալ էր անշուշտ լռելու՝ եթե խնդիրը վերջանար առանց որևէ աղմուկ հարուցանելու։

Եվ եթե Սիսակի պսակադրությունը կատարվեր՝ հետևաբար ենթադրելու էր թե Արաքսիայինն ևս տեղի պիտի ունենար Ներսեսի հետ, զի այս վերջինն ամեն իրավունք պիտի ունենար կասկածելու թե Արաքսիա գուցե ի նպաստ յուր

  1. Ուզում է ասել՝ Գրիգորի դստեր միջև (խմբ.)։