Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/631

Այս էջը հաստատված է

փնտրեր ինչ որ ծանր և խորունկ էր, և զայդ կերպով մի գտած էր Ներսեսի և Արաքսիայի սիրույն մեջ։ Բայց մին ինչպես և մյուսն հեռացած էին իրմե, և ինքը մատնված էր ի ձեռս օտարաց, անհոգ անձանց անտարբերության հանդիպած էր, այնպես որ չէր համարձակեր արթնցնելու գիշերվան մեջ յուր քով հսկող աղախնին, եթե խիստ տագնապեցուցիչ վիճակ մի զինքն չմղեր առ այդ։

Նույն գիշեր Աղավնի զեղբայրն յուր քով ունենալու գիտակցությամբ ուրախ էր, գոհ անհունապես․ և այդ գոհունակության սաստկութենեն իսկ յուր ջղերը գրգռված էին, որով անկարող էր ննջելու։

Ներսես Աղավնիին սենյակը մտավ առանց ձայն հանելու և ամենայն զգուշությամբ անոր անկողնին մոտեցավ։ Մանուկը զեղբայր յուր տեսնելով՝ ըսավ ցնծությամբ.

- Ա՛հ, դո՞ւ ես, եղբա՛յրս։

- Չես քնանար, քուրի՛կս։

— Այնչափ երջանիկ եմ գալստյանդ պատճառավ որ անհնար է ինձ աչերս գոցել։

Ներսես հուզվելով առ այդ արտահայտութենեն ծռեցավ տղուն մահճին վրա և համբույր մի տվավ փոքրիկ հիվանդին։

— Որչա՜փ ուրախ եմ, եղբա՛յրս, մտածելով թե իմ հետս պիտի բնակիս ցորչափ պետք ունենամ քեզի։

— Ապահով եղիր և գիտցիր թե ամեն կամքերդ կատարելու պատրաստ եմ։

— Ամե՞նքը,— հարցուց մանուկն, աղերսագին անոր նայելով։

— Ամենքն, Աղավնի, և ինչ որ խնդրես։

— Լավ ուրեմն, խոստացիր զԱրաքսիա տեսնելու առիթ մի հայթայթելու ինձ,— ըսավ եղբորն, անոր ականջեն վար ցած ձայնիվ խոսելով, զի կը կասկածեր որ աղախինը կամ յուր քույրն արթննալով առաջարկը կը լսեին։ Ոչ թե Արմինեին վրա վստահություն չուներ այլ կը վախնար որ չափազանց աշխուժին մեջ թեթևությամբ կը մատներ յուր գաղտնիքն և հայնժամ գիտեր որ յուր մայրն ամեն անողորմ պատերազմ հարուցանելու կարող էր, քանի որ նա արգիլած էր որ Արաքսիայի խոսքն անգամ ընեն տան մեջ։