Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/632

Այս էջը հաստատված է


Ներսեսի թվեցավ նույն միջոցին որ Աղավնի երկնառաք հրեշտակ մ՚էր, զի ինքն ևս կը մտածեր թե ինչպե՞ս կրնար Արաքսիայի հետ տեսություն մ՚ունենալ կասկածելի թված խնդիր մի լուսաբանելու համար։ Ուստի ամենայն եռանդյամբ պատասխանեց․

— Պատրաստ եմ կամքդ կատարելու։

— Եղբա՛յրս, օրհնյալ լինիս։

— Սակայն ո՞ւր կրնաս տեսակցիլ հետը, Աղավնի՛ս։

— Այս տան մեջ անհնար է։

— Տարակույս չկա։ Ուրեմն ինչպե՞ս հաջողինք։

— Պատվիրած է բժիշկը կառքով երթալ շրջագայության․ ես հոժարամիտ չէի այդ պատվերը գործադրելու, զի աշխարհ յուր բոլոր աղմուկներով, ուրախության ցույցերով ու կյանքովն առավել ևս տխրությունս կավելցնե. և քանի որ մայրս բնավ հոգ չէր տաներ դուրս ելնելուս կամ չելնելուս, նախապատիվ կը համարեի տան մեջ փակված մնալ։

— Հասկցա, սիրո՛ւն հրեշտակս, կուզես որ տեղ մի ժամադրություն ունենամ օրիորդ Արաքսիայի հետ։

Առաջին անգամն էր որ Ներսես այդ անունը կը հնչեր, և սիրտը զորավոր բաբախում մ՚ունեցավ։

— Ճիշտ այդ է խնդրածս քեզմե, եղբայրս։ Միայն թե դուն ու ես տեղյակ լինինք այդ խորհրդին գործադրությանը։ Կփափագեի որ քույրս ևս տեսներ մեր սիրելի օրիորդը, բայց կը վախնամ որ չկարողանա լռել։

— Իրավունք ունիս, Աղավնիս, Արմինե տղա մ՚է տակավին, իսկ դու կարծես ծերացած ես տղա լինելե հառաջ։

— Որով և կյանքս վերջանալու վրա է,— ըսավ աղջիկը, դառն ժպիտով մի։

— Եթե չես ուզեր զիս վիրավորել, հալածե այդ սոսկալի գաղափարներն. ես ևս զայդ կը խնդրեմ քեզմե իմ ընելու ծառայությանս փոխարեն։

— Պիտի ջանամ, եղբայրս։

— Կուզեմ որ հաջողիս մանավանդ, կիմանա՞ս, եթե չես ուզեր սիրտս ցավցնել։

— Ես ընդհակառակն զքեզ երջանիկ տեսնելու կը փափագիմ, եղբայրս։