Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/636

Այս էջը հաստատված է

Ներսես այնպես հուզված էր աղջկան անարվեստ և սրտառուչ ձևերեն որ անդիմադրելի բաղձանք մ՚ունեցավ անոր ոտքն իյնալու․

– Այսի՞նքն, օրիո՛րդ,— հարցուց։

— Գոհ եմ որ այսօր առիթ կ՚ունենամ, թեև այսպիսի տխուր պարագայի մի շնորհիվ, արդարացնել զանձն իմ ձեր առջև, զի վստահ եմ որ թյուրիմացության առարկա եղած եմ։

— Երանի թե այնպես լիներ, օրիորդ, և ես հանցանքս, եթե հարկ է, արյամբս իսկ կը քավեմ։

— Ի՞նչ հարկ, շատ ուշ է,— պատասխանեց աղջիկն։

— Երբեք ուշ չէ՛ արդարության համար յուր փրկարար պաշտոնն ի գործ դնելու։ Բայց կը խնդրեմ, օրիորդ, խոսեցեք շուտ, և հայտնեցեք թե ո՞ր թշնամությանց կակնարկեք։

— Ո՜հ,— պատասխանեց,— տիկին Աբգարյանին կակնարկեմ։

— Ի՞նչ ըրավ նա ի վնաս ձեզի։

— Ի՞նչ ըրավ, կուզե՞ք իմանալ, ուրեմն ունկնդիր եղեք։

— Անհամբեր եմ ամեն ինչ իմանալու։

— Ես երբեք չհայտնեցի ձեզ ի պատիվ ձեզ և ձեր հոր, թե այդ տիկինը սիրահարյալ էր պ․ Սիսակի։

— Սիրահարյա՜լ, ի՞նչ կըսեք։

— Այո՛, և այնպես սիրահարյալ որ ամենեն անլուր անիրավությունը գործելու փույթ չըրավ։

— Ի՜նչ անիրավություն,— հարցուց երիտասարդն, ուրախության հուզմամբ մը զոր դյուրին էր ըմբռնել, զի կը հուսար որ հասած էր վայրկյանն ամեն ինչ լուսաբանելու։ Բայց հանկարծ միտքն անկավ դարձյալ գիշերային ժամադրությունն, ու ճակատը մթնցավ։

– Սիսակի սիրահարված էր նաև,— հարեց աղջիկը,— Վարդանույշ բարեկամուհիս, և այդ ամուսնությունն արգիլելու համար ձեր մորուն օգուտ քաղեց իմ և Սիսակի բացակայութենեն հավատացնելու համար Վարդանույշի թե ես գաղտնի հարաբերություններ ունեի իմ ազգականիս հետ, և թե զինքն անօրինաբար կը խաբեի։ Եվ ո՞վ գիտե եթե նույնը չըրավ և ձեզ նկատմամբ։