Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/638

Այս էջը հաստատված է

— Ես ո՛չ, բայց դուք քանի որ ամուսնացած եք, պետք է որ հավատարիմ մնաք ձեր կնոջ։

— Ե՜ս, ամուսնացա՜ծ, ո՞վ ըսավ քեզ այդ սուտը։

— Աստվա՜ծ իմ,— գոչեց աղջիկն,— սո՞ւտ է ուրեմն։

— Կատարելապես, Արաքսիաս, զի սիրտս՝ հակառակ բոլոր ջանիցս, քուկդ մնաց, քուկդ է և պիտի լինի միշտ։

- Արդյոք կերազե՞մ, դու ի՞մս ես վերստին, Ներսե՛ս։

— Ո՛չ, երազ չէ՛, այլ երկնային իրականություն։ Բայց հայտնե ինձ, ո՞վ հավատացուց քեզ թե ես ամուսնացա։

— Կիմանա՛մ, կիմանա՛մ։

— Ի՞նչ կա։

— Դարձյալ տիկին Աբգարյանի նենգավորության փաստ մի։

— Չեմ հասկնար։

— Իսկուհին կամավոր թե ակամա գործիքն եղած է տիկին Աբգարյանի, նա ըսավ ինձ թե դու ամուսնացեր ես անգլուհվո մի հետ։

— Խե՜ղճ հայրս, որպիսի՜ ճիվաղի ձեռք ինկած է։

- Ի՜նչ զարհուրելի կին։

— Բայց ներե ինձ վերջին հարցում մի, Արաքսիաս։

- Խոսե, Ներսե՛ս։

— Ի՞նչ պատճառավ այս առավոտ կանուխ Սիսակ այցելության եկած էր քեզ։

— Դարձյա՞լ կը կասկածիս։

— Ո՛չ, ո՛չ, բայց պարզ հետաքրքրություն մ՚է։

Ի պատասխան այդ հարցման՝ Արաքսիա գրպանեն երկու թուղթեր հանելով զանոնք երիտասարդին մատույց․ մին՝ նամակն էր տիկին Աբգարյանի առ Սիսակ՝ որով 300 ոսկի կառաջարկեր անոր․ և մյուսն պարտամուրհակն էր Սիսակի։

Առավ զանոնք Ներսես և հետզհետե կարդալով, առաջինը խնդրեց Արաքսիայեն, և երկրորդը վերադարձնելով բացատրություն ուզեց կարդացածին վրա։ Աղջիկը պատմեց օրիորդ Գրիգորի պարագան, և յուր միջամտությունն զՍիսակ ազատելով համար անել վիճակե մի։

Ներսես ևս քան զևս հիանալով աղջկանը վրա, և սոսկալով այն անդառնալի կորստյան վրա զոր պիտի ըներ նենգության