Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/64

Այս էջը հաստատված է

գերության և ի նպաստ յուր բնական իրավանց, զորս ինքն անձամբ սկսած է ճանաչել և պահանջել։ Ճշմարտության սկզբունքն ոչ երբեք խեղդամահ կ՚ըլլա, զի կը ծլի անընդհատ, կը զարգանա և անիրավորության ավերակներուն վրա կը կանգնե յուր հաղթական գլուխը։ Բայց ճշմարտության սկզբան հաջողությունը դարերու համրաքայլ աշխատության կը կարոտի, և գրեթե քիչ անգամ սերունդք իրենց քրտանց և արյան պտուղները կը քաղեն, զի մեն մի սերունդ յուր հաջորդին համար կը գործե։


Մայտա առ Տիկին Սիրա

Ներե՛ որ խորհրդածությանցդ չի պատասխանեմ և լռությամբ զարմանամ անոնց վրա։ Թո՛ւյլ տուր ինձ արդ որ զգացմամբս ապրիմ միայն և անով վերականգնիմ. թող որ հոգիս քաղցրանվագ երգե սիրո հովանվույն ներքև: Կը սիրեմ, և եթե հարկ ըլլա կրկնել սույն բառը ամբողջ հավիտենականության մի մեջ. պիտի թվեր ինձ թե բավական չէր դարձյալ։ Տիգրան և Հուլիանես երկու ճառագայթք են որոնց կեդրոնը հոգիս է։ Տեսնել զանոնք իմ քովս, խառնել հայեցվածքս անոնց հայեցվածքին, ի՜նչ բարեբաստություն, ո՜ տեր, Տիգրանա ինձ համար ունեցած փափուկ հոգատարությունը, մեր անուշ երազները, մեր խորհրդոց ապագա գործադրությունը շատ իսկ երջանկությունս կը ծանրացնեն, կարծես թե կ՚ընկճիմ անոր բեռին ներքև։ Խոստովանի՜մ քեզ անկեղծորեն. երբեմն անմեղ վայելիցս բաժակը շատ լի թվելով ինձ կը վախնամ որ չի հորդե, հետը տանելով երկնային հաճոյիցս կաթիլները։ Երբ օր մի Տիգրան պիտի դադրի զիս սիրելե կը փափագեմ որ նախ սրտիս շարժումը կասեցնե. բայց ո՜վ տարաբախտ մայր. կը մոռնա՞մ արդյոք թե դուստր մ՚ունիմ, և թե ներելի չէ իսկ այդպիսի երազ մի տեսնել։ Ոչ, ոչ, չեմ ուզեր վճիտ օրերս պղտորել սև ապագայի մ՚երկյուղիվ որ հետևանք է նույն իսկ երջանկությանս։ Սիրող սիրտն արև մի կը կրե հինքն արդարև, որո փայլը թեթև ամպե մ՚իսկ կրնա քողարկ-

42